Կռիվդ ավելի հերոսական ու նպատակային է դառնում, երբ կռվում ես հայրենի գյուղիդ, ծննդավայրիդ համար: ՃՇՀԱՀ-ն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մերօրյա հերոս ուսանողներին։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Թորոսյանն այն տասնյակ ուսանողներից է, ով մեկնեց ռազմաճակատ՝ առանց վայրկյան անգամ մտածելու: Եվ ի՞նչ ուներ մտածելու, երբ գնում էր թշնամուց պաշտպանելու իր ծննդավայրը՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը:
Հրետանավոր-հետախույզ Կարենն Արցախ է մեկնել իր կուրսընկերոջ՝ Էրիկ Գևորգյանի հետ: Պատմում է. «Մեծացել եմ պատերազմի, հաղթանակների ու հայրենասիրության մասին պատմություններով, հայրս և հորեղբայրս կռվել են թե’ 1988թ-ի շարժմանը, թե’ Ապրիլյան պատերազմին»: Իսկ այս պատերազմին սահմանները պահելու հերթն իրենն էր, գնացել է վստահ և հաղթելու անհագ ցանկությամբ:
«Վախերի մասին մտածելու ժամանակ չի լինում». ինչպես 4-րդ կուրսի ուսանող Սամվել Տաշչյանն է ասում, նախ պետք է վախդ սպանես, հետո՝ թշնամուդ: Նրա խոսքերով՝ կռիվ մեկնող յուրաքանչյուր մարդ պիտի գիտակցի, որ պատերազմը նաև կյանքի ու մահվան կռիվ է, և միայն բարձունքում գտնվող ազգասիրությունը կարող է դրդել նրան մեկնել առաջնագիծ՝ զոհվելու վախը հաղթահարած:
Հաղթահարված վախ, կոփված կամք, հայրենասիրություն, կազմակերպվածություն և զենքին լավ տիրապետում: Սա է հաղթելու բանաձևն ըստ 3-րդ կուրսի ուսանող Սուրեն Մկրտչյանի:
Պատերազմի ելքը խորթ էր բոլորի համար՝ հաղթանակի համը ճաշակած անկախության սերունդը հավատում է, որ ամեն ինչ դեռ առջևում է…
Comment here
You must be logged in to post a comment.