ԳլխավորԼուր

Այս տարի Արցախի պետհամալսարան է ընդունվել 340 դիմորդ

Օգոստոսի 30-ին կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել  են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2021-2022 ուսումնական տարում ԱրՊՀ ընդունված ուսանողների թիվը՝ ըստ մասնագիտությունների: 2021-2022 ուստարում ԱրՊՀ առկա ուսուցման համակարգ է ընդունվել 292, իսկ հեռակա ուսուցման համակարգ՝ 48 ուսանող:

2021-2022 ուստարվա ուսումնական գործընթացի մեկնարկի մասին համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների տեղեկատվության համաձայն՝ պարապմունքների մեկնարկին ընդառաջ արդեն իրականացվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները. ամբիոնների կողմից կատարվել է դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը, դեկանատների կողմից՝ լսարանային ֆոնդի բաշխումը, կազմակերպվել են կեցության խնդիր ունեցող ուսանողներին հանրակացարանի սենյակների տրամադրման աշխատանքները:

Նիստի օրակարգի առաջին հարցը  գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին էր: Համաձայն փոփոխության՝ գիտխորհրդի անդամ են  դարձել 2021-2022 ուստարում ԱրՊՀ ՈՒԽ նախագահ Արա Հարությունյանը և ՈՒԳԸ նախագահ Տաթևիկ Ղահրամանյանը:

Օրակարգի հաջորդ հարցերով գիտխորհուրդը քննարկել և հաստատել է ուսումնական տարվա/ ուսուցման համակարգերի ուսումնական պլանները, մագիստրատուրայի առկա /2021-2023 ուսումնական տարվա/ ուսուցման համակարգի ուսումնական պլանները, 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցը, 2021-2022 ուսումնական տարվա փորձուսուցման ժամանակացույցը, որոնք ներկայացրել է ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Գիտխորհուրդը հաստատել է նաև ԱրՊՀ կառուցվածքը:

Հաջորդիվ տեղի է ունեցել  պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքների հաստատման նպատակով փակ գաղտնի քվեարկություն: Այլ հարցերում գիտխորհուրդը  ի գիտություն է ընդունել ԱրՊՀ ասպիրանտի անհատական պլանն ու կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

Comment here