ԳլխավորԼուր

Աշխարհում առաջին անգամ ԵՊԲՀ-ում արհեստական բանականության գործիքը կկիրառվի բժշկական կրթության մեջ

Աշխարհում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արհեստական բանականության գործիքը կօգտագործվի բժշկական կրթության մեջ։ Տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Ուսումնական գործընթացում արհեստական բանականությամբ օժտված գործիքի ներդրում» թեմայով դասախոսների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը նշեց, որ արհեստական ինտելեկտի գործիքն արդեն փորձարկվել է ԵՊԲՀ գաստրոէնտերոլոլգիայի և ռևմատոլոլգիայի ամբիոնների ուսումնական գործընթացում։

Այսուհետ ծրագրի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները փորձարկվելու են ինչպես ուսումնական, այնպես էլ գիտելիքի ստուգման գործընթացում։ «Ավելի ուշ նպատակ ունենք կիրառել գործիքը նաև պետական քննության ժամանակ», — ավելացրեց պրոռեկտորը։

Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, որը համակարգելու է ԵՊԲՀ-ում արհեստական ինտելեկտի գործիքի ներդրման աշխատանքները, ներկայացրեց «TerraMedicum» արհեստական բանականությամբ աշխատող ծրագիր-հավելվածը։

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ նման ձևաչափն աշխարհում առաջին անգամ է կիրառվում բժշկական կրթության ոլորտում՝ նա մանրամասնորեն ներկայացրեց ծրագիրը, դրա կիրառման առանձնահատկությունները։

Դասախոսներն ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ նոր գործիքի ներդրման վերաբերյալ։

Comment here