Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի տուրիստական խմբակի դասախոս Արթուր Մարտիրոսյանը բժշկական մայր բուհի դրոշը ծածանել է Աֆրիկա մայրցամաքում գտնվող Կիլիմանջարո լեռան գագաթին՝ հաղթահարելով 5895 մետր բարձրությունը, հայտնում են ԵՊԲՀ-ից։
Դասախոսը կիսվելով տպավորություններով նշում է, որ արշավելն առօրյա կյանքից փախչելու համար լավագույն միջոց է, բնության մեջ հեռու ես ամեն ինչից, վայելում ես բացառիկն ու եզակին, ազատությունը, մաքրությունն ու հանգստությունը։
«2021 թվականից աշխատում եմ բժշկական համալսարանում։ Միաժամանակ «Հատիս Տուր» արշավային ակումբի տնօրենն եմ, լեռնային ուղեկցորդը։ Թե՛ համալսարանական, և թե՛ արշավային գործունեության ոլորտում թեման նույնն է՝ լեռներ, բնություն, արշավներ։ Արշավներ կազմակերպում ենք յուրաքանչյուր կիրակի, ամռանը՝ նաև յուրաքանչյուր շաբաթ։ Արշավների ընթացքում կապվում ես կենդանի բնության հետ: Լեռները մարդկանց, քո կարողությունները բացահայտելու, ինքնաճանաչողության լավագույն տարբերակներից են, միջոց՝ հասկանալու համար, թե ինչի ես ընդունակ։ Իմ լեռնային կյանքի 32 տարիների ընթացքում բարձրացել եմ հարյուրավոր լեռներ Հայաստանում, հանրապետությունից դուրս։ Յուրաքանչյուր լեռ տարբերվող է յուրովի»,- մանրամասնում է համալսարանականը:
Նրա խոսքով՝ Կիլիմանջարո լեռը ևս առանձնանում էր իր տարբերվող բուսականությամբ.
«Յուրաքանչյուր 1000 մետրը բարձրանալուց հետո, տեսարանները տարբեր էին, թվում էր՝ բարձրացել ես այլ լեռ։ Տարբերվող, միաժամանակ մեզ համար անսովոր էր նաև համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Նգորոնգո խառնարանը: Լեռներում, առավել ևս 5000 մետր և ավել բարձրություն ունեցող լեռներում, դժվարությունները շատ են՝ սկսած եղանակային փոփոխություններից, թթվածնի պակասից և այլն։ Եվ այս դժվարությունները ի հայտ են գալիս րոպեների ընթացքում։ Եթե այս պահին արև է, մի քանի րոպե հետո կարող է տեսանելիության ընդհանրապես չլինել։ Կիլիմանջարո լեռը մեզ դիմավորել և ճանապարհել է ժպիտով՝ հաշվի չառնելով գագաթ բարձրանալու օրվա ընթացքում ձյան տեսքով տեղումները»,-իր զգացողություններով է կիսվում Արթուր Մարտիրոսյանը։
Մանրամասնելով, թե ինչու է ընտրել Կիլիմանջարո լեռան բարձունքը, ԵՊԲՀ դասախոսը նշում է.
«Արարատի, Էլբրուսի, Արևմտյան Հայաստանում լեռների գագաթներ նվաճելուց հետո, ժամանակն էր գրավելու նաև Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոյի լեռը։ Հայտարարությունը տարածելուց հետո, նույն նպատակն ունեցող անձինք միանգամից արձագանքեցին, ու խումբն արդեն պատրաստ էր։ Խմբի 12 անդամներից 4-ը ԵՊԲՀ-ի շրջանավարտներ էին, 100-ամյակի դրոշը լեռան գագաթին ծածանել են հենց համալսարանի շրջանավարտները»։
Արթուր Մարտիրոսյանին լեռները սովորեցրել են, որ կյանքում շատ ավելի կարևոր է ազնվությունը, պարզությունը, իսկ աշխատանքում՝ մաքրությունը, սովորեցրել են գնահատել մարդու բարոյական արժեքները՝ ունեցվածքի կամ պաշտոնի փոխարեն:
«Սիրե՛ք բնությունը և միմյանց, լեռներ գնացեք․ դա ուրիշ աշխարհ է, գիտակցության ուրիշ մակարդակ և, ի վերջո, մի՛ մոռացեք մարդ լինել»,-ամփոփելով իր խոսքը՝ ընդգծում է հերացիականը: