ԳլխավորԼուր

ԵՊԲՀ-ում իրականացվել է սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվել է սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա (TAVI) ծանր աորտալ ստենտով հիվանդներին, հայտնում են ԵՊԲՀ-ից:

Համալսարանական թիմի հետ միասին, երկու միջամտություն է կատարել ԱՄՆ-ից Լոս Անջելեսի «Glendale Adventist» հիվանդանոցի ինվազիվ սրտաբանության սրտի փականային ախտահարումների ծրագրի ղեկավար բժիշկ Սարգիս Կիրամիջյանը, որը մեծ փորձ ունի աորտալ փականի տրանսկատետորային իմպլանտացիա (TAVI) միջամտությունների իրականացման ոլորտում:

«Վերահատության ընթացքում սրտի մեջ խողովակով փական է տեղադրվում: Այն կառուցված է մետաղից և կենդանու սրտի կաշվից: Վիրահատություն կատարվում է փակ: Այս հիվանդությունը կոչվում է աորտիկ փականի խցանում, հանդիպում է 70 տարեկանից բարձր անձանց 20 տոկոսի մոտ, այն դեղերով չի բուժվում: Կլինիկան ծանր է. ցավ կրծքավանդակում, հիվանդը դժվարանում է քայլել, շնչել, ունենում է գլխապտույտ, թուլություն: Նոր տեխնոլոգիան, որը կիրառվում է շուրջ 10 տարի, օգնում է լավացնել կյանքի որակը, պացիենտը հիվանդանոցում քիչ է մնում, շուտ է դուրս գրվում»,-նշում է Սարգիս Կիրամիջյանը՝ընդգծելով, որ ցանկանում է՝ Հայաստանում ևս կիրառվի այս տեխնոլոգիան, ջանքեր չեն խնայվում այն հետագայում համալսարանական կլինիկաներում կիրառելու համար:

Սրտաբան, Սրտաբանության ամբիոնի դասախոս Ցոլակ Սարգսյանը հավելում է, որ երկու օրվա ընթացքում կատարված միջամտութունները համալսարանական կլինիկայի անձնակազմի և սփյուռքահայ առաջատար բժիշկների սերտ համագործակցության հերթական դրսևորումն է.

«Դրան նախորդել էր երկարատև նախապատրաստական աշխատանք: Մենք բավական լավ կազմակերպված թիմային աշխատանք ունեցանք, որի արդյունքը եղավ 75 և 80 տարեկան հիվանդների վիրահատությունների բարեհաջող ելքը»:

Նշենք, որ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: