ԳլխավորԼուր

Արցախում դադարեցվել են պլանային վիրահատությունները

հիվանդանոց, հոսպիտալ, բժիշկ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։