ԳլխավորԼուր

Ծնողների փաստարկները հիմնավորված չեն, ու քննությունները պետք է կայանան

Ապրիլի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Տեղեկությունը հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Քննարկման թեման Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացված հանրագիրն էր, որով նրանք ակնկալում էին խորհրդարանի ղեկավարի միջնորդությունն ու օժանդակությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցում։

Քննարկման սկզբում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ թեև հարցը օրենսդիրի կարգավորմանը ենթակա չէ, այնուամենայնիվ հանձնաժողովը որոշել է արձագանքել ու պարզել նախարարության դիրքորոշումը:

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է նախարարությունում՝ ոլորտային պատասխանատուների ու դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Բոլորն էլ միակարծիք էին այն հարցում, որ ծնողների փաստարկները հիմնավորված չեն,ու քննությունները պետք է կայանան: Խորհրդարանական հանձնաժողովի անդամները համակարծիք էին գործադիրի հետ:

Նախարարության պատասխանատուների հետ քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս: