Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Շտաբից բնակչությանը հորդորում են պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 25-ին այն մասնակի վերականգնվել էր։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։