Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:
Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը, քանի որ Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ։
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։
Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։