Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:
Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։
Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։
Լուսանկարը՝ արխիվային