Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնված է։
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։
Ճանապարհը շարունակում է փակ մնալ։