ԳլխավորԼուր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։

Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից:

Ավելի վաղ Արթուր Թովմասյանը գրել էր.

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան հայ ժողովրդին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:

Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2007-2009 թթ–ին եղել է կուսակցության նախագահը։