ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։