ԳլխավորԼուր

Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 66 հազար 500 մարդ

Արցախից տեղահանված

Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում:

«Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել է աճել: Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում հանրագումարով տեղահանվել էին 7500 և 1500՝ ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն սեպտեմբերի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ 26 հազար 600»,- մանրամասնեց փոխվարչապետը՝ նշելով, որ այն ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, մնում է նույնը:

Նրա խոսքով՝ Գորիսում և Վայքում ստեղծվել են կետեր, որոնք տեղավորման հարցով 24-ժամյա աշխատանք են տանում:

Ըստ փոխվարչապետի՝ օպերատիվ տվյալներով  այս օրերին տարբեր մարզերում օթևան գտնելու հարցում աջակցություն է ցուցաբերվել 11 հազար մարդու:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։