ԳլխավորԼուր

Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով

Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանում կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։

Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։

Հիշեցնենք` Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սեպտեմբերի 27-ին, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։