ԳլխավորԼուր

Մել Գիբսոն. Թուրքիան և Ադրբեջանը աննկարագրելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ

Մել Գիբսոն

«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է այն ժամանակ, երբ մենք ականատես ենք լինում ժամանակակից ցեղասպանությանը։ Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի»,- իր ուղերձում ասել է հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախի տասնյակ հազարավոր բնակիչների  բռնի տեղահանմանը:

«Թուրքիան և Ադրբեջանը աննկարագրելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մեկուսացում»,- ասել է Գիբսոնը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Այսօր կեսօրի դրությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 68386 մարդ։