ԳլխավորԼուր

Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ հայտարարությունը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։

«Մենք՝ Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպել ենք Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման քայլերը։ Վերահաստատել ենք պատրաստակամությունը անվերապահորեն հետևելու վերոնշյալ բոլոր պայմանավորվածություններին՝ ի նպաստ հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման, Հարավային Կովկասի խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական կայուն զարգացման ապահովման։ Համաձայնել ենք ներդնել լրացուցիչ ջանքեր՝ ուղղված մնացած խնդիրների անհապաղ լուծմանը՝ ներառյալ հումինատար հարցերը։

Ընդգծելով ռուսական խաղաղապահ առաքելության էական ներդրումը  տեղակայման գոտում՝ շեշտադրել ենք տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար դրա ջանքերի  պահանջված լինելը։ Պայմանավորել ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես փոխադարձ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հիմքի վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի։

Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:

Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։