ԳլխավորԼուր

Հնդիկները՝ Հանրապետության հրապարակում․ նրանք եկել են աջակցելու հայերին Արցախի հարցում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մենք այստեղ ենք Արցախի համար։ Հանրապետության հրապարակում Usanogh.amի հետ զրույցում ասաց հավաքի մասնակից, ազգությամբ հնդիկ Ամալը։

«Դուք երևի տեղյակ եք, որ մենք պայքարում ենք Պակիստանի դեմ Քաշմիրի համար։ Կարծում եմ՝ ձեզ մոտ նույն իրավիճակն է։ Եկել ենք այստեղ՝ աջակցելու հայերին Արցախի հարցում»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Հնդկաստանում գիտեն՝ ինչ իրավիճակ է Հայաստանում և Արցախում, Ամալը բացասական պատասխան տվեց։

«Մենք իհարկե պատմում ենք մեր հարազատներին այստեղի մասին, բայց Հնդկաստանում շատերը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում այստեղ»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։