Լուսանկարում Փառուխ գյուղն է՝ նկարված Քարագլուխ բարձունքից, ֆեյսբուքյան էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը կյանքում երբևիցե չէր լսել մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոցի, և շարունակելով առաջխաղացումը, բարձրացավ դեպի այն կետը, որտեղից արված է այս նկարը։ Փառուխը սակայն սոսկ մի փոքրի գյուղ չի՝ այն մասնիկն է մեր հայրենիքի, որը մենք շարունակում ենք կորցնել, քայլ առ քայլ, քանի որ հավատում ենք «խաղաղության դարաշրջանի» մասին այն խաբեությանը, որով մեզ շարունակում է կերակրել այս ամենի անմիջական պատասխանատու հանդիսացող իշխանությունը։ Հավատալով այդ կեղծ թեզին, սեփական հայրենիքը ոխերիմ թշնամուց պաշտպանելու փոխարեն, մենք ապավինում ենք երրորդ ուժին, որը ինքը ոչ հատուկ ցանկություն ունի, ոչ էլ արդեն իրական կարողություն՝ մեզ պաշտպանելու։
Մենք Փառուխում էինք երկու շաբաթ առաջ։ Արդեն այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը, որն Արցախի մնացած տարածքներին կապված է ընդամենը մի գրունտային ճանապարհով, վտանգված է։ Ինչը թերևս ավելի կարևոր է՝ այս գյուղը վերահսկող Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, նրանից վերահսկվում է նաև Աղդամը, Ասկերանը և հարակից բազմաթիվ բնակավայրեր, սակայն այս բարձունքը ևս որևէ կերպ պաշտպանված չէր։ Արդեն այդ պահից մեր հիմնադրամի թիմը սկսեց գործողություններ ձեռնարկել՝ հրավիրելու արցախյան իշխանությունների ուշադրությունը Փառուխի և Քարագլխի պաշտպանության ամրապնդման անհրաժեշտության վրա, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, և հույս կար, որ վիճակը վերահսկողոըւթյան տակ կառնվի։
Ցավոք, ինչպես շատ հաճախ է եղել անցած մեկ և կես տարիների ընթացքում, թշնամին շատ ավելի նենգ և նախաձեռնող դուրս եկավ, քան հայկական կողմը։ Անցած շաբաթ, բանակցելով գազատարի բացման շուրջ, թշնամին արդեն պահանջել էր հանձնել այս գյուղը։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում այս գյուղը պաշտպանող դիրքերից, թշնամու զինված ուժերը դուրս են բերվում դրանց հանդիպակած դիրքերից, փոխարենը այստեղ տեղակայվում են ռուսական խաղաղապահները, և տարածքը «դեմիլիտարիզացվում» է։
Հայկական կողմը, հավատարիմ իր ավանադական «գիքորական» միամտությանը, շտապել էր կատարել պայմանավորվածությունը՝ գազատարը բացելու ակնկալիքով։ Թշնամին իսկապես երկու օրով բացել էր գազատարը, հետո այն փակեց, և մարտի 24-ին, օգտվելով հայկական կողմի բացակայությունից գյուղի պաշտպանության դիրքերից, և ռուսական կողմի կամ անպատրաստվածությունից, կամ էլ գուցե թողտվությունից, մեծ ուժերով (ավելի քան 100 զինվոր) մոտեցավ գյուղին, և առանց մի կրակոց տիրացավ նրան, ռուսական խաղաղապահներն էլ առավելագույնս կարողացան անվնաս էվակուացնել գյուղում գտնվող փոքրաթիվ հայ բնակչությունը և մի քանի զինծառայողների։ Շարունակելով առաջխաղացումը, թշնամու ուժերի մոտ կեսը կարողացան երեկ բարձրանալ Քարագլուխ և դիրքավորվել այնտեղ»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։
Ամբողջությամբ՝ այստեղ։