Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։
«Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը մասամբ վերականգնվել էր ժամեր առաջ։
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։