Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։