Արցախից բռնի տեղահանված 97 735 քաղաքացի ժամը 18։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետություն, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հակարիի կամուրջը հատել է 20609 տրանսպորտային միջոց»,– ասաց նա։
18։00-ի դրությամբ հաշվառվել է 74382 անձ։
Հայաստանյան տարբեր բուժկենտրոններում բուժում է ստանում ԼՂ–ից տեղափոխված 405 անձ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։