ԳլխավորԽճանկար

Տպավորություն է, որ ով շատ գրառում է անում սոցցանցերում, նա է հայրենասերը. Սամվել Թոփալյան

Դերասան Սամվել Թոփալյան

Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների, մեր հայրենակիցների բռնի տեղահանման, նրանց հանդեպ մեր վերաբերմունքի, անելիքների, ուժեղ պետություն դառնալու մեր հնարավորությունների մասին Usanogh.am-ը զրուցել է թատրոնի և կինոյի դերասան Սամվել Թոփալյանի հետ:

-Սամվե´լ, 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը` Արցախը, դադարում է գոյություն ունենալ: Այս մասին ասվում է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրում, ըստ որի մինչև հունվարի 1-ը պետհամակարգը պետք է լուծարվի: Սրա հետ հնարավո՞ր է հաշտվել, համակերպվել:

-Մենք ամենքս քիչ թե շատ գիտենք հայոց պատմությունը, տեղյակ ենք` մեր պատմության մեջ որքան նման օրհասական պահեր են եղել: Գոնե այս ծայրահեղ, թևաթափ ու օրհասական վիճակը ոչ թե կրկնություն դառնա այն սխալների ու բացթողումների, որոնք ունեցել ենք, այլ ճիշտ հակառակ արդյունքն ունենա: Ես վստահ եմ, որ մենք միասին, հավաքական, գաղափարական և, ամենակարևորը` ազգային պետություն լինենք, ամեն հարց իր լուծումը կգտնի:

-Կրթությունն այդ հարցում ի՞նչ դեր ունի:

-Կրթությունը հիմքն է պետության, ցանկացած ստոր քայլ տգիտության հետևանք է: Իմ ընտանիքում էլ մանկավարժներ կան, և ես, ցավոք, գիտեմ` ինչ է կատարվում մեր դպրոցներում, և գիտեմ` որքան ցածր է մեր կրթական ցենզը: Բայց կրթության խնդիրը մեկ օրում կամ մեկ տարում լուծվող խնդիր չէ. դա տարիների քրտնաջան, ծրագրված աշխատանք է: Պետք է ռազմավարություն ունենաս` ինչ ես ուզում առաջիկա տասը տարվա համար, օրինակ, պետք է ազգային գաղափարախոսություն ունենաս: Մեր առաջին նախագահն ասաց` ազգային գաղափարախոսությունը սուտ կատեգորիա է: Դե, տեսանք` ինչ եղավ: Այն ազգը, որը չունի դա` չգիտի ուր է գնում և ինչ նպատակ է դրել իր առջև, բա էլ ի՞նչ է ուզում ունենալ 10-20-30 տարի հետո:

-Հիմա մենք նոր գաղափարախոսության կարիք ունե՞նք:

-Նորի ու հնի խնդիր չկա: Գաղափարախոսությունը պետք է լինի մեկը: Պետությունը պետք է պահի, պահպանի քո էթնոսն ու տեսակը, դեմքն ու դիմագիծը: Եթե կա պետություն, բայց պետության մեջ ապրողը չունի քո ազգին հատուկ մտածողությունը, զգացողությունները, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ես չեմ ասում` մեր մտածողությունը լավագույնն է, ես ասում եմ` թող լինի մերը: Հիշենք Լորենց Արաբացուն, որն ասում էր` երբ հայերն ունենան ազգային պետություն, կտիրեն բոլորին, դրանից է, որ վախենում են թուրքերը և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են հայերին:

-Հիմա, փաստացի, ունենք այն, ինչ ունենք: Մեր առաջնային անելիքները որո՞նք պետք է լինեն:

-Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ առաջնային պետք է լուծել արցախցիների կեցության, նրանց բնակարաններով ապահովելու հարցը: Նաև հոգեբանորեն է պետք նրանց կողքին լինել: Մենք արդեն պատկերացնում ենք` այդ մարդիկ ինչերի միջով են անցել: Ֆեյսբուքյան անիմաստ գրառումներից` վախ տարածող, ստեղծված իրավիճակի հետ կապ չունեցող, հարկավոր է խուսափել: Այնպիսի տպավորություն է, որ ով շատ բան է գրում սոցցանցերում, նա է հայրենասերը: Բայց դա բացարձակ կապ չունի հայրենասիրության հետ: Պետք է շատ սիրենք իրար, փայփայենք իրար, առավել ևս` այս ծանր իրավիճակում. այլ տարբերակ չկա:

-Դուք նկատու՞մ եք` հայաստանցիների մեծ մասը որքան սրտաբաց է ընդունում մեր հայրենակիցներին:

-Սրտաբացությունը, միանշանակ, նկատեցի: Ես էլ ունեմ արցախցի շատ ընկերներ: Վերջին իրադարձություններից հետո ֆեյսբուքյան գրառումներ առհասարակ չեմ անում, դրա իմաստը չեմ հասկանում, բայց մենք էլ ենք լծված ինչ-ինչ գործերի, պարզապես դրա մասին չենք խոսում: Ու պետք էլ չէ խոսել. եկել է գործելու ժամանակը: Միայն խոսելով չէ: Մենք երեսուն տարի խոսեցինք-խոսեցինք, այդ պատճառով էլ հասանք այս օրվան:

-Եվ այդ սրտաբացության կողքին կա նաև ատելության մթնոլորտ, կան բավական վտանգավոր տարբաժանումներ`«ղարաբաղցի», «լեննականցի», «լոռեցի»…

-Դա երեսուն տարի է` կա: Պետք է փորձենք ամեն մեկս մեր չափով ներքին հանդարտություն ու հանգստություն բերել, ծայրահեղ սրված, էմոցիոնալ վիճակը պետք է փորձենք մեր մեջ պահել: Որքան մենք մյուսի վատ, դավաճանական արարքը բերենք առաջին պլան, այնքան վատ. դա մեզ ոչինչ չի տա: Մենք հիմա համախմբվելու, միմյանց թիկունք կանգնելու ժամանակներ պետք է ապրենք: Այլ տարբերակ չկա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ