ԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված 50243 անձ է հատել ՀՀ սահմանը

Արցախից տեղահանված երեխա

Արցախից բռնի տեղահանված 50 243 անձ է հատել ՀՀ սահմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։ Այս պահի դրությամբ շուրջ 5700 անձի համար կեցության հարց են հոգացել»,– ասաց Բաղադասարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։