ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ:
«Այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդի մատակարարման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես կարևոր և առաջնային է: Հետևաբար, մենք պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների առաջնային կարիքների որոշակի հստակեցումից անմիջապես հետո նրանք առաջին հերթին դիմում են դպրոց, ինչը շատ լավ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական դպրոցների ղեկավարներին, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ նախարարի՝ ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:
«Կարգավորումներ ենք նախատեսել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, քանի որ հասկանում ենք՝ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով: Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից ՀՀ դպրոցների ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ աջակցելու նրանց՝ հոգեբանական ծանր ապրումներով երեխաների հետ աշխատելու և նրանց համար համապատասխան միջավայր ձևավորելու հարցում:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է:
Անդրադառնալով Հայաստան տեղափոխվող ուսանողներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թե՛ բուհերի, թե՛ քոլեջների և ուսումնարանների սովորողներն ունեն կրթության շարունակականության իրավունք: Լեռնային Ղարաբաղում գործել է 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ:
Մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդվել է նաև, որ մինչև այս պահը Հայաստան է մուտք գործել Արցախից բռնի տեղահանված 50,243 անձ, ընդ որում՝ 5700 անձ է օգտվել պետության կողմից տրամադրված կացարաններից, որը սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 11 տոկոսն է կազմում:
Սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 311 բուժառու. նրանք ստանում են ստացիոնար բուժում:
Անդրադառնալով կամավորների ներգրավման հարցին՝ նշվել է, որ կամավորների հարթակում ստացվել է շուրջ 660 հայտ:
Մանրամասները՝ տեսանյութում։