ԳլխավորԼուր

Հայտնի են էքստեռն ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը  ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է (նորմատիվների հանձնում): Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

20 միավոր – 10
18-19 միավոր – 9
16-17 միավոր – 8
14-15 միավոր – 7
12-13 միավոր – 6
10-11 միավոր – 5
8-9 միավոր – 4

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մանրամասների համար զանգահարել (091) 195610 և (010) 667250 հեռախոսահամարներով: