ԳլխավորԼուր

Գեղամ Մանուկյանը դիմեց ԵՊՀ ուսանողներին և դասախոսներին

«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ԵՊՀ ուսանողներին և դասախոսական կազմին՝ հորդորելով դուրս գալ լսարաններից ու միանալ իրենց։

Նա հիշեցրեց, որ 1988 թվականի մայիսի 28–ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի տղերքի միջոցով առաջին եռագույն թևկապներն են սարքվել ու բաժանվել ուսանողներին։

«Արևելագիտության, բանասիրության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ, դուք վաղը երկիր եք կառավարելու, իջեք ցույցի, գիտեմ, որ մեծ մասդ հոգով կողմ եք, լիկվիդ կմնաք` թքած, իջեք, որովհետև հակառակ պարագայում, Հայաստան ու Արցախ եք կորցնելու»,–ասաց նա։

Դիմելով դասախոսական կազմին ու հատկապես պատմաբաններին, Մանուկյանը շեշտեց, չի կարելի, որ պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չմասնակցի։

«Պատմաբաններ, որ դասավանդում եք համալսարանում, հաստափոր գրքեր եք գրում և այսօր հանդուրժում եք, որ համալսարանի դռները փակեն, ձեր գրքերը զրո արժեք ունեն։ Եթե պատմաբանը իր ժողովրդի պատմության այս դրվագին չի ուզում մասնակցել ու բավարարվում է գիրք գրելով, ապա վաղը ադրբեջանցին ու թուրքը, այս իշխանության պայմաններում որ մտան մեր երկիր, իմացեք, ձեր գրքերը վառելու են»,–ասաց նա։

Նշենք, որ նրա ելույթից հետո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նույնպես միացավ ակցիային, հայտնեց, որ իրենց բաժնի լսարաններում ուսանող չկա։ Ակցիային միացավ նաև արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Ակցիայի մասնակիցները ԵՊՀ–ի բակում ազգագրական պարեր են պարել։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։