ԳլխավորԼուր

Երևանում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է

Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել:

Այս մասին ոստիկանությունն է հայտարարություն տարածել։

«Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։