ԳլխավորԼուր

«Ելույթը, որում ասվում է, թե պետք է մաղել դասախոսներին, կոպիտ վերաբերմունք է վերջիններիս նկատմամբ»

Այսօր տեղի ունեցած ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ դասախոսների վերաբերյալ ելույթի մասին դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը, տեղեկանում ենք Երեւանի պետական համալսարանի կայքէջից։

Այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց քննարկել նաև հայագիտական առարկաների բացակայությունն այն մասնագիտությունների ցանկից, որոնց դեպքում փոխհատուցում է կատարվելու, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ վերջերս ունեցած ելույթի վերաբերյալ հայտնել դիրքորոշում:

Ըստ Արմեն Ավետիսյանի՝ նրա ելույթը, որում ասվում է, թե պետք է մաղել դասախոսներին, կոպիտ վերաբերմունք է վերջիններիս նկատմամբ, և բացի դրանից՝ այսքան ժամանակ, Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ, ԱԺ ամբիոնից երբևէ չի հնչել կոչ՝ քաղաքական հետապնդում իրականացնել դասախոսների նկատմամբ, որոնք փորձել են, համարձակվել են քննադատել կառավարությանը կամ վարչապետին:

Արհեստակցական կազմակերպության նախագահի խոսքով, անընդունելի է նաև այն, որ եկամտային հարկի հաշվին ուսման վարձավճարի փոխհատուցում հայագիտական առարկաների և լրագրության համար չի իրականացվելու, քանի որ դրանց բացակայությունը որևէ այլ բացատրություն չունի, քան այն, որ կառավարությունը պարզապես չի ցանկանում օժանդակել դրանց:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ պատրաստ է համալսարանի անունից ստորագրել դիրքորոշումը, եթե Պատմության, Հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանները կկազմեն համապատասխան գրություն:

Ինչ վերաբերում է պատգամավորի ելույթին, ապա, ըստ Գեղամ Գևորգյանի, այն քննարկելու կարիք չկա. «Եթե նկատել եք, ես որևէ անձի, այս կամ այն կազմակերպության կողմից արված հայտարարություններին չեմ արձագանքել, հատկապես անհայտ մարդկանց կողմից արված: Իմ անձի նկատմամբ շատ բան են ասել, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Հիմա էլ, եթե մենք քննարկենք, կլրջացնենք այդ մարդու ասածը: Պետք է արհամարհել պարզապես»:

Նրա խոսքով, կարելի է քննադատել ցանկացած մարդու, բայց դրա համար չպետք է ծառայեցնել դասերը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց ռեկտորի դիտարկման վերաբերյալ. «Հարցը չպետք է փակված համարել: Եթե վիրավորում են Ձեզ, դուք կարող եք պատասխանել կամ ոչ: Բայց այդ հայտարարություններն անհայտ մարդ չի արել: Լուլուն իշխող կուսակցության և իշխող խմբակցության անդամ է, քաղաքական թիվ մեկ ամբիոնից ասում է, որ պետք է մաղել դասախոսներին: Ճիշտ կլինի, որ ԵՊՀ-ն դասախոսների արժանապատվությանը վիրավորող հայտարարության վերաբերյալ հայտարարություն տարածի, իսկ այդ նույն պատգամավորուհին ԱԺ ամբիոնից ներողություն խնդրի»:

Նրա փոխանցմամբ, օրինակ, «Պատմություն» առարկայի դասաժամերին կարելի է և պետք է անդրադառնալ ընթացիկ իրադարձություններին. «Ես էլ կարող եմ հակառակ մի քանի օրինակ բերել, թե ինչպես իշխող կուսակցության անդամ դասախոսներ հիշում են 2018 թ. դեպքերը, ինչն էլ հակառակ ծայրահեղություն է: Զարմանալի էր նաև այն, որ նախարարը, այնտեղ նստած, որևէ կերպ չարձագանքեց այդ սահմանումներին»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here