ԳլխավորԼուր

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը լավագույնն են միջբուհական պայքարում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված բանկային իրավունքի դատախաղ-մրցույթին և գրավել մրցանակային բոլոր հորիզոնականները: Տեղեկությունը հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվող դատախաղ-մրցույթը բանկային իրավունքի ոլորտում իրականացվող մրցույթ է, որին մասնակցում են տարբեր բուհերի ուսանողական թիմեր: Այն նպատակ ունի նպաստելու ուսանողների կողմից բանկային իրավունքի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, տվյալ ոլորտի ավելի խորը ուսումնասիրմանը, ինչպես նաև ապահովելու իրավաբանական խնդրահարույց հարցերի շուրջ նորարարական լուծումների, գաղափարների ու մտքերի փոխանակումը տարբեր բուհերի ուսանողների միջև:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլի ժամանակ մասնակիցները ներկայացնում են հաճախորդի պահանջ-դիմում և կազմակերպության պատասխան: Բանավոր լսումներն իրենց հերթին անցկացվում են երկու փուլով՝ նախնական, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ, որոնց արդյունքում որոշվում է մրցույթի հաղթողը:

Ամենամյա դատախաղ-մրցույթին այս տարի մասնակցել է ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետների 8 թիմ: Ժյուրիի որոշման համաձայն՝ դատախաղ-մրցույթի կիսաեզրափակիչ փուլում միմյանց դեմ մրցող չորս թիմերն էլ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից էին:

Եզրափակիչ փուլում հաղթանակ տոնած թիմը ներկայացրել են Մարիա Պետրոսյանը, Զավեն Վարտումյանը, Տաճատ Ոսկանյանը և Անահիտ Սարգսյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու Գևորգ Պողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հաղթող թիմը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն գրավոր պատասխան» անվանակարգում։

ԵՊՀ մեկ այլ թիմ էլ հաղթող է ճանաչվել մրցույթի «Լավագույն գրավոր պահանջ-դիմում» անվանակարգում: Հաղթող թիմի մարզիչ Գևորգ Պողոսյանն նշել է, որ նմանատիպ մրցույթները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում քննարկվում է արդիական այնպիսի հիմնահարց, որն օրենսդրական ներկայիս կարգավորումներով միանշանակ լուծում չունի:

«Մի կողմից մրցույթի ընթացքում երևում է, թե տարբեր բուհերի ուսանողներն ինչպես են մոտենում իրավական միևնույն խնդրին, ինչ թարմ ու նոր գաղափարներ արտահայտում դրա վերաբերյալ, որոնք կարող են հետագայում օգտակար լինել իրավակիրառ պրակտիկայում, մյուս կողմից՝ ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ստացած կրթության շնորհիվ ներկայացնելու դեռևս լուծում չունեցող իրավական հարցադրումների իրենց պատկերացրած լավագույն լուծումը»,- ասել է Գևորգ Պողոսյանը:

Comment here