ISTC կենտրոնում տեղի են ունեցել Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի՝ 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին նկարահանած վավերագրական ֆիլմերի շնորհանդեսները:
ԱՄՆ պետքարտուղարության հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում նկարահանված «Կյանքն ինչպես որ է» և «Բարձրաձայն խոհեր» ֆիլմերի պրեմիերաներին ներկա էին ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լայթինենը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ակումբի լրագրողները, հյուրեր, ուսանողներ:
«44-օրյա պատերազմից մեկ տարի անց Հանրային լրագրության ակումբի կողմից նկարահանված ֆիլմերում մարդիկ պատմում են իրենց բաժին հասած պատերազմի, խաղաղության, տարածաշրջանում իրենց հետագա կյանքի պատկերացումների մասին: Ի՞նչ է պատերազմը, ի՞նչ են խաղաղությունը, սերը, մահը, երջանկությունը, արդյո՞ք խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունն է: Ահա նաև այս հարցերին էին փորձում պատասխանել ֆիլմերի հեղինակները»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը:
Ողջույնի խոսք ասաց նաև ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լայթինենը, նշելով, որ կարևորում է Հանրային լրագրության ակումբի և «Գո գրուփմեդիայի» համագործակցությունը, որը նպաստել է փաստերի ստուգման կարողությունների զարգացմանը տարածաշրջանում։
Նա նաև շնորհավորեց ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ, նշելով , որ այս համագործակցությունն ու նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ ԱՄՆ դեսպանատունն ու ՀՀ-ը տոնում են փոխգործակցության 30-ամյակը:
Փոխդեսպանն ընդգծեց նաև , որ ԱՄՆ դեսպանատան նպատակն էր աջակցել լրագրողներին՝ ընդլայնելու իրենց կարողությունները փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման ուղղությամբ, քանի որ ապատեղեկատվության տարածումը լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցնում հատկապես կոնֆլիկտային տարածաշրջաններում հայտնված պետություններին. «Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք միասին պայքարելու այս արատավոր խնդրի դեմ»:
ՀԼԱ-ի, ինչպես նաև ֆիլմերի ստեղծման, նպատակների ու առաքելության մասին պատմեց ակումբի նախագահ Ս. Մուրադյանը. «Վավերագրական ֆիլմեր նկարահանելու գաղափարը ծագել է պատերազմի ավարտից հետո: Մեր լրագրողները լսարանին են փոխանցել պատերազմի միջով անցած մարդկանց խոհերը, մտքերը, ինչպես նաև մի ընտանիքի պատմություն, որը պատերազմի հետևանքով փոխել է կենսակերպը, սակայն չի ընկճվել: Շնորհակալ ենք ԱՄՆ դեսպանատանը, որ աջակցեց մեզ մեր ծրագրերի իրականացման հարցում»:
«Կյանքն ինչպես որ է» ֆիլմը պատմում է Արփիի ու Մանվելի մասին, որոնք իրենց չորս երեխաների, շան ու կատվի հետ ստիպված են եղել թողնել իրենց տունը, հայրենի քաղաքը՝ Շուշին, ու բնակություն հաստատել Աբովյան քաղաքում: Չնայած անդառնալի կորուստներին՝ համերաշխ այս ընտանիքը փորձում է ուժ գտնել՝ շարունակելու կյանքը:
«Շատ ընտանիքներ կային, որոնց պատմությունը կարող էինք ներկայացնել: Սակայն Մանվելի ու Արփիի ընտանիքի մոդելի հիմքը սերը, հոգատարությունն ու պատասխանատվությունն է, որն էլ մեզ ստիպեց մեր ֆիլմերի հերոսներ ընտրել հենց նրանց»,- նշեց ֆիլմի հեղինակ, մեդիա կենտրոնի մոդերատոր Լիլիթ Ավագյանը և համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությանը:
Ս. Մուրադյանը նաև խորհրդանշական նվերներ հանձնեց «Կյանքն ինչպես որ է» ֆիլմի հերոսներին, որոնք նույնպես ներկա էին միջոցառմանը:
«Բարձրաձայն խոհեր» ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրի ապրած պատերազմն ու պատկերացրած խաղաղությունը տարբեր կետերում հատվում ու նորից բաժանվում են՝ ստեղծելով մի պատմություն, որում մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։
«Լեզվաբան, մաթեմատիկոս, խաչքարագործ ու դերասանուհի. առաջին հայացքից միմյանց հետ ոչ մի կապ չունեցող այս երիտասարդները ֆիլմում պատմում են պատերազմի, խաղաղության, սիրո, մահվան ու երազանքների իրենց պատկերացումների մասին: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ խորհել ենք պատերազմի ու խաղաղության մասին, սակայն չենք բարձրաձայնել»,- ասաց ֆիլմի հեղինակ, լրագրող Սոֆի Թովմասյանը։