ԳլխավորԼուր

Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար

Դասասենյակ
Կառավարությունն իր ապրիլի 25-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով ամրագրվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում չեն զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Բացի այդ, որոշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի գործողության ժամկետը ծրագրի հաստատումից հետո 6 ամիս է, սակայն նպատակահարմար է ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նոր ուսումնական տարում հնարավորություն տալով ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:

Ներկայում սույն ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները չունեն հիմնական բնակության վայր, և, իրավիճակով պայմանավորված, կարող են բնակության վայր փոխել, ուստի անհրաժեշտ է բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերում պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ծրագրի շահառուին չզրկել ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված են https://kadrer.emis.am համակարգում, որտեղ գրանցվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել: