ԳլխավորԼուր

Արցախում վրդովված են կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարությունից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:

Դրանից հետո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում  լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:

Տեղեկացնենք, որ այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Ես չեմ կարող այս մասին ուղիղ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք` մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։