ԳլխավորԼուր

Արտալսարանային դաս՝ օտարազգի ուսանողների մասնակցությամբ

Արդեն 4-րդ տարին է՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այլազգի ուսանողների համար կազմակերպվում են օտար լեզուների ուսուցման դասընթացներ:

ՀՊՄՀ-ի Նախապատրաստական բաժնի նախաձեռնությամբ անցկացվող ծրագրին մասնակցում են տասնյակ ուսանողներ Իրանից, Իրաքից և Հնդկաստանից: Մի քանի ամիս տևող ծրագրի ընթացքում վերջիններս սովորում են գերմաներեն՝ կրթությունը Գերմանիայում շարունակելու նպատակով:

Օրերս օտարազգի ուսանողների համար միջազգային բաժինն ու նախապատրաստական բաժինը կազմակերպել էին արտալսարանային դաս Տավուշի մարզում, որի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել բուհի «Հաջողության բանաձև» հաղորդաշարի առաջիկա եթերում՝ կիրակի, ապրիլի 17-ին, ժամը 11-ին:

Օտար լեզուների ֆակուլտետի դասախոսների ուղեկցությամբ ուսանողները եղան Հաղարծին վանական համալիրում, ծանոթացան 10-րդ դարում կառուցված պատմամշակութային ժառանգությանը, ապա այցելեցին Պարզ լիճ: Ի դեպ, արտալսարանային դասին մասնակցում էին նաև բուհի Լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները, որոնց համար այցը յուրատեսակ փորձառություն էր. հետևեցին հաղորդման պատրաստմանն ու ստացան ճամփորդական ակնարկ պատրաստելու հանձնարարություն:

Իրանցի ուսանողները նշում են, որ արտերկրում սովորելը ոչ միայն ճամփորդելու լավ հնարավորություն է, այլև նպաստում է բազմակողմանի զարգանալուն, միջմշակութային հաղորդակցությանը, փորձի փոխանակմանը: Նրանք այն կարծիքին են, որ անկախ մասնագիտությունից՝ պետք է ծանոթ լինել օտարերկրացիների իրավունքներին, ազգային, ինչպես նաև կրթական համակարգի առանձնահատկություններին:

Այցի ավարտին իրանցի ուսանողները վստահեցրին՝ հիացած են դիլիջանյան բնությամբ: Անդրադառնալով ծրագրի ընթացքին՝ նշում են, որ շատ բարձր են գնահատում բուհի կազմակերպած դասընթացները. դրանց շնորհիվ բարձրացել է նրանից շատերի գերմաներենի իմացության մակարդակը, իսկ մյուս մասն արդեն կարողանում է ազատ հաղորդակցվել այդ լեզվով:

Նրանցից շատերը նաև հայերեն տասնյակ բառեր արդեն գիտեն, սիրում են նաև Երևանը: Նրանք www.aspu.am-ի հետ զրույցում նշում են. «Երևանն այն տեղն է, որտեղ հաճելի է ապրել, իսկ այստեղ ապրող մարդիկ իսկապես շատ լավն են»: