ԳլխավորԼուր

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը բացառիկ է. այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման, հիանալի միջավայրի ձևավորման առիթով և նշել, որ կրթական հաստատությունում թանգարանային միջավայրը ստեղծում է հավելյալ արժեք ձեռք բերելու հնարավորություն. «Հաճախ ենք խոսում այն մասին, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ՝ վերածվելով միջավայրի, որտեղ սովորում են երեխաները, և որտեղից թանգարանի ցանկացած տարիքի այցելու իր հետ արժեքային որևէ բան է տանում»:

Նախարարն ընդգծել է՝ առանց գեղարվեստական կրթության բաղադրիչի հնարավոր չէ ունենալ ստեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առաջ չերկնչող քաղաքացի, իսկ արվեստը դրա ճանապարհներից մեկն է: «Ստեղծագործությունն է, որ մղում է մեզ հասկանալու այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, ու պարն էլ դրա ամենավառ օրինակներից է: Այն ցույց է տալիս, թե մարդն ինչպես կարող է մարմնակրթությունը վերածել արվեստի: Վստահ եմ՝ Պարի թանգարանը նոր ծրագրերի և գաղափարների իրագործման յուրահատուկ միջավայր է դառնալու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված կրթական և թանգարանային միջավայրը նպաստելու է ուսանողի կրթության, գիտական կարողությունների և կատարողական արվեստի որակի բարձրացմանը:

Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման գաղափարը և նախաձեռնողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի, մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գևորգյանն է:

«Այս թանգարանը մեր պարի երախտավորների ստեղծած պարարվեստի ամբողջական պատմությունն է: Թանգարանում մեկտեղել ենք պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքը»,- ասել է Կարեն Գևորգյանը:

Թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանը, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր: Ցուցադրության են ներկայացված նաև տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ: Թանգարանում ներկայացված են նաև հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքներ:

Դրանք կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը և ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը: