ԿԳՄՍՆ-ն հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:
Ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման և մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում:
Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:
Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:
Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: