Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) այսօր կայացավ 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ավանդական արարողության ընթացքում գերազանց առաջադիմությամբ 104 շրջանավարտների բակալավրի և մագիստրոսի գերազանցության դիպլոմները հանձնեցին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու ֆակուլտետների դեկանները՝ արժևորելով ուսումնառության տարիներին նրանց ցուցաբերած բարձր ակադեմիական առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումներն ու նպատակասլաց աշխատանքը։
Շրջանավարտներին շնորհավորեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ավարտական օրը ոչ միայն ուսանողական կյանքի ավարտն է, այլև նոր կյանքի և մասնագիտական ճանապարհի սկիզբը։
Դիմելով շրջանավարտներին՝ նա ընդգծեց, որ մանկավարժությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն, և կոչ արեց երբեք չդադարել սովորել, չվախենալ փոփոխություններից ու հավատալ սեփական ուժերին։
Միջոցառման ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև ՀՊՄՀ հիմնական դպրոցի շրջանավարտ Նարե Ավետիսյանն ու ՀՊՄՀ ավագ դպրոցի շրջանավարտ Անի Մայանցը։
2025–2026 ուսումնական տարում Մանկավարժական համալսարանն ունի 1432 շրջանավարտ։ Տոնական միջոցառումն ու դիպլոմների հանձնման արարողությունները կշարունակվեն նաև առաջիկա օրերին՝ ֆակուլտետներում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







