ԳլխավորԼուր

Տնտեսագիտական համալսարանը ճանապարհեց 1199 շրջանավարտների

Հուլիսի 8-ին, հանդիսավոր պայմաններում և գեղեցիկ արարողությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրաժեշտ տվեց 1199 շրջանավարտների, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Հանդիսությանը ներկա էին, ի թիվ այլ հյուրերի, ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Շնորհավորելով հիշարժան օրվա առթիվ՝ նախագահն ընդգծել է. «Դուք եք լինելու ձեր կյանքը կերտողը։ Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից եք, երիտասարդ եք, ունեք ուժ, կորով, մեծ հնարավորություններ ու երազանքներ, և այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հորդորել է ամենօրյա աշխատանքով կառուցել մասնագիտական և գործնական հաջողությունները և կյանքի կոչել անգամ անհնարինը․ «Կրթությունն է մեր ապագան, մեր հզորության, անվտանգության երաշխավորը, կրթությունից է սկսվում ամեն լավ բան, և ամեն վատ իր մեջ կրթության դեֆիցիտ է պարունակում։ Պիտի կրթվենք, որպեսզի լինենք հզոր ու զարգացած»։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի համոզմամբ՝ Տնտեսագիտական համալսարանի լավագույն շրջանավարտների հաջողության պատմությունները դեռևս կհարստացնեն մեր երկրի առաջընթացի տարեգրությունը։

Միջոցառումը շարունակվել է տոնական հանդիսությամբ։