ԳլխավորԼուր

Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում․ տոն՝ բոլոր աշխատանք փնտրողների համար

Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում

Մայիսի 15-ին, ժամը 11:00-14:00-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում (հասցե՝ Նալբանդյան 128) կկայանա ամենամյա աշխատանքի տոնավաճառ՝ բոլոր աշխատանք փնտրողների համար։ Այս առիթով ներկայացնում ենք մեր զրույցը ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանի հետ։

–Օրերս ՀՊՏՀ-ում կկազմակերպվի հերթական աշխատանքի տոնավաճառը։ Ինչպիսի՞ ձևաչափ և գործատուների ներգրավվածություն եք նախատեսում այս տարի, քանի՞ կազմակերպություն և թափուր աշխատատեղ կներկայացվի։

–Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, չխախտելով ավանդույթներն ու սեփական սկզբունքները, 4-րդ տարին անընդմեջ կազմակերպում է և՛ ՀՊՏՀ ուսանողների ու շրջանավարտների, և՛ աշխատանք փնտրողների, և՛ մեր գործընկերների կողմից սիրված ու սպասված աշխատանքի տոնավաճառը: Այս տարի այն տեղի է ունենալու մայիսի 15-ին, ժամը 11։00-14։00-ն՝ համալսարանի բակում:

ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը հրաշալի ու կառուցողական հարթակ է՝ ծանոթանալու հայաստանյան լավագույն գործատու կազմակերպություններում առկա թափուր հաստիքներին, կարիերա ստեղծելու ու զարգացնելու հնարավորություններին։ Եվ, որ ամենակարևորն է, աշխատանք փնտրողները բացառիկ հնարավորություն կստանան նաև դեմ առ դեմ անձնական շփումներ ունենալու և կապեր ձևավորելու մեր գործընկերների մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետների հետ։

Տաթևիկ Վարդանյան
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյան

Այս տարի մասնակցելու են շուրջ ութ տասնյակ գործատուներ, որոնք ներկայացնելու են 500-ից ավելի թափուր հաստիքներ։ Ընդ որում, այդ օրը ներկա են լինելու ինչպես պետական (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն և այլն), այնպես էլ մասնավոր հատվածի (բանկային, ապահովագրական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արտադրության և այլ ոլորտների) հայաստանյան առաջատար գործատուներ։

– Նախորդ տարիների փորձի հիման վրա կարո՞ղ եք գնահատել, թե բուհ-գործատու համագործակցության այս հարթակը ուսանողների և շրջանավարտների մոտավոր քանի տոկոսի համար է ծառայում աշխատանք գտնելու, փորձառություն ձեռք բերելու և մասնագիտական կարիերա կառուցելու հնարավորություն։

–Տնտեսագիտական համալսարանում վերջին տարիներին իրականացվող կառուցվածքային բարեփոխումներում առանցքային է բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման և զարգացման տարատեսակ ու բազմաբովանդակ ուղղություններով աշխատանքների իրականացումը: Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները պարբերաբար վարպետության դասեր են անցկացնում մեր ուսանողների ու շրջանավարտների համար, իրենց մոտ կազմակերպում են ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկաներ, համատեղ իրականացվում են ուսման վարձի փոխհատուցման, կրթաթոշակային մրցույթներ և այլն: Մայիսի 15-ին կազմակերպվող աշխատանքի տոնավաճառն ամբողջ տարվա ընթացքում գործընկերային ամուր կապերով ամրապնդված մի շարք  համագործակցության ձևաչափերի հանգուցալուծումը կարելի է համարել:

Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում
Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում

Անցյալ տարիների աշխատանքի տոնավաճառների հաջողված փորձը փաստում է, որ այն սպասված է ինչպես մեր գործընկերների, այնպես էլ ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների ու աշխատանք փնտրողների կողմից: Նախորդ տարվա տոնավաճառին աշխատանք փնտրողների մասնակցության աստիճանը բավական բարձր էր: Ներկա էին շուրջ 5000 աշխատանք փնտրողներ, իսկ նրանցից 30-ն այդ օրը աշխատանք գտան: Ակնկալում ենք, որ այս տարի ևս մեծաթիվ աշխատանք փնտրողներ կլինեն, և առաջարկվող բազմազանության մեջ նրանք կգտնեն իրենց հարմար և հոգեհարազատ աշխատանք:

–Ինչո՞վ է ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը տարբերվում հանրապետությունում կազմակերպվող համանման այլ միջոցառումներից։

–Մեր համալսարանի համար կարևորագույն սկզբունք է աշխատանքի տոնավաճառի իրական մոդելը պահպանելը: Ի տարբերություն համանման այլ միջոցառումների՝ մեզ համար առանցքային է, որ աշխատանքի տոնավաճառը լինի հենց աշխատանք գտնելու, այլ ոչ թե տարբեր ընկերությունների կամ ոչ ֆորմալ կենտրոնների առաջարկած վճարովի ծառայությունների կամ ապրանքների վաճառքի մասին: Մենք աշխատանքի տոնավաճառին մասնակցող գործընկերներին ևս խնդրում ենք պահպանել այդ սկզբունքը: Բացի դրանից, ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառին մասնակցությունը մեր գործընկերների համար անվճար է՝ հաշվի առնելով նաև այն, որ դա համարում ենք բուհի սոցիալական պատասխանատվության դրսևորման քայլ՝ մեր ուսանողների, շրջանավարտների ու հասարակության առջև:

Ինչպես փաստում են նախորդ տարիներին կազմակերպված աշխատանքի տոնավաճառների մասնակից գործընկերները, ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառն աննախադեպ է նաև մասնակցային ակտիվությամբ:

Ամեն տարի աշխատանքի տոնավաճառը ՀՊՏՀ բակում տոնի է վերածվում: Այս տարի ևս բացառություն չի լինելու, ուստի հորդորում ենք բոլոր աշխատանք փնտրողներին (առանց մասնագիտական սահմանափակումների) մայիսի 15-ին ժամը 11:00-14:00-ն ներկա լինել  և օգտվել մասնագիտական աճի և առաջխաղացման այս բացառիկ հնարավորությունից: