ԳլխավորԼուր

QR գրադարան՝ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

QR գրադարան

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, փետրվարի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել հանրային QR գրադարանի բացումը, որից կարող են օգտվել ոչ միայն մասնաճյուղի ուսանողները, այլ նաեւ տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված անձինք։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից, ի տարբերություն ավանդական գրադարանների, այստեղ հարկավոր չէ գրանցվել, անձնագիր ներկայացնել, բավական է միայն մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սկանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը:

Սրահում կա բաց ինտերնետ հասանելիություն, պլանշետներ, ու ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար: Գրադարանն իր տեսակի մեջ եզակի է, որտեղ հին գրքերին փոխարինելու են գալիս QR կոդերն ու նորագույն տեխնոլոգիականները։

Բացման միջոցառման ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նշել է, որ այժմ գրադարանում կա 8 բաժին, յուրաքանչյուրում մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունել է մասնաճյուղի նախաձեռնողականությունն ու հույս հայտնել, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացված գիտելիքները կուղղեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:

Comment here