ԳլխավորԼուր

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ ավարտական վկայականներ են ստացել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Ագրարային համալսարանը ՀՀ կրթական համակարգում հաստատուն քայլերով առաջ է գնում և իրականացնում մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը: Ըստ փոխնախարարի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ևս առաջանցիկ տեմպերով զարգացնում է գյուղատնտեսությունը, և այդ առումով կարևոր է, որ բուհի շրջանավարտների գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին:

«Որպեսզի կրթությունը մեկ քայլ առաջ լինի տնտեսությունից, անհրաժեշտ է բուհերում ներդնել կրթական տարբեր ծրագրեր: Դրանց շարքում առանձնահատուկ են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դերն ու նշանակությունը: ԱՄՆ մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ ի դեմս Տեխասի A&M համալսարանի, այս ծրագրի շրջանակում պատրաստվել են ավելի քան 600 մասնագետներ, որոնք առավել քան պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ըստ որոշ հետազոտությունների՝ այդ մասնագետներն այսօր ստանում են միջինից 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ և ունեն մոտ 95 տոկոս աշխատանքի անցնելու ցուցանիշ, ինչը մեր երկրում բացառիկ է՝ որևէ այլ մասնագիտության համեմատ:

Շրջանավարտներին շնորհավորել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կոջոյանը, բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ICARE-ի ներկայացուցիչներ Արմեն Ասարյանը և Արթուր Գրիգորյանը:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն արդեն 20 տարի է՝ առաջարկում է ագրոբիզնեսի բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրեր: Ուսուցումն անգլերենով է, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը հիմնված են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի համապատասխան կրթական ծրագրերի վրա: Ավարտելով կենտրոնը՝ ուսանողները ստանում են ՀԱԱՀ դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման ոլորտներում` անգլերենի գերազանց իմացությամբ և հաղորդակցական ժամանակակից հմտություններով:

Comment here