ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն միայն կրթօջախ չէ, ԵՊՀ-ն մարդիկ են. ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

Երևանի պետական համալսարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր մայիսի 15-ին և 16-ին կայացած ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Միջոցառումն ապացուցեց, որ համալսարանական ոգին հարատև է ու միավորող. այն համախմբում է բոլորին՝ անկախ մասնագիտությունից, տարիների հեռավորությունից ու աշխարհագրական սահմաններից։ Ֆորումի երկրորդ օրվա օրակարգում էին ԵՊՀ շրջանավարտների բանախոսությունները, ֆորումի արդյունքների ամփոփումը և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ ֆորումի եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով, որ բուհի ճանաչելիությունն ու տեսանելիությունը՝ շնորհիվ միասնական ջանքի, օր օրի պետք է բարձրացնել։

«Երբ այս ֆորումի գաղափարը նոր էր ձևավորվում, այն մեզ համար կարևոր նախաձեռնություն էր, բայց միաժամանակ՝ մարտահրավեր, մեր համայնքի միավորման և ապագայի հանդեպ պատասխանատվության հրավեր։ Այսօր, երբ արդեն եզրափակում ենք ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը, կարող ենք վստահությամբ ասել՝ մենք միասին ընդունեցինք այդ մարտահրավերը՝ մեկնարկելով մի նոր՝ կարևոր ու հեռանկարային ճանապարհ»։

Նրա խոսքով՝ երկօրյա քննարկումների արդյունքում արդեն իսկ սահմանվել են առաջնահերթություններ և հավաքագրվել առաջարկներ։

«Բայց ամենակարևորը՝ մենք ձեռք ենք բերել միմյանց ճանաչելու, իրար հետ աշխատելու և ապագան համատեղ կերտելու փորձառություն։ ԵՊՀ-ն այսօր ավելի ուժեղ է ձե՛ր ներկայությամբ։ Եվ հենց այս զգացողությունն է մեզ մղում դեպի նոր ծրագրերի իրագործում»,- մատնանշեց նա։

Եզրափակելով՝ ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց համալսարանականներին ԵՊՀ հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ և հավելեց. «Ինչպես համալսարանի հիմնադիրները տարիներ առաջ երազել են այն ԵՊՀ-ի մասին, որ ունենք այսօր, այնպես էլ մենք ենք պարտավոր երազել ու ձևավորել այն համալսարանը, որը լինելու է 200 տարի հետո»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

Գագիկ Սուրենյան