ԳլխավորԼուր

Շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել. ԵՊՀ ուսխորհրդի նորընտիր նախագահը՝ ապագա ծրագրերի մասին

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափրեյանը

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Բարոյագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսում է սովորում ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նորընտիր նախագահ Հասմիկ Ափրեյանը: Նրա հետ ysu.am-ը զրուցել է ԵՊՀ ՈՒԽ գործառույթների, նոր գաղափարների ներդրման, ապագա ծրագրերի իրականացման մասին:

Հասմիկ Ափրեյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմում ներգրավված է բակալավրիատի առաջին կուրսից: ՈՒԽ կազմում մասնակցելով բազմատեսակ ծրագրերի՝ նա նախորդ ուստարում ընտրվել էր ՈՒԽ պատասխանատու քարտուղար, իսկ այս ուստարի՝ համալսարանի ՈՒԽ նախագահ:

— Հասմի՛կ, ի՞նչ առաջնահերթություններ եք սահմանելու ՈՒԽ գործունեությունում։ ՈՒԽ որդեգրած ռազմավարության մեջ ի՞նչ նորարարություններ և փոփոխություններ եք կատարելու:

— ԵՊՀ ուսանողական խորհուրդը Հայաստանում ամենամեծ ուսանողական կառույցն է: Մենք այս տարի մեծ շուքով տոնեցինք ՈՒԽ 30-ամյակը։ Այդ միջոցառմամբ ևս արձանագրվեցին կառույցի ձեռքբերումներն ու կատարած նշանակալի աշխատանքները: ՈՒԽ գերնպատակը ուսանողների իրավունքների, շահերի պաշտպանությունն է, նպաստելը նրանց մասնագիտական (նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով) զարգացմանը։ ՈՒԽ-ն միշտ հավատարիմ է եղել իր գործառույթներին, որդեգրած արժեքներին, ինչը կլինի շարունակական: Սահմանված նշաձողերը պահպանելով՝ մեծ ջանքերով, եռանդով և միասնականությամբ կառուցելու ենք նորը, ստեղծելու ենք նոր ձևաչափեր, ծրագրեր:

Նորարարությունները անընդհատ մեզ ուղեկցելու են։ Շուտով մենք կունենանք հավելվածի տեսքով այլ հարթակ, որը կրելու է հաղորդակցական և իրազեկման բնույթ: Հարթակն առաջիկայում կթողարկվի և կներկայացվի համալսարանականներին. այն դեռևս փորձարկման և մշակման փուլում է: Նոր ձևաչափեր մշակվում են ու մշակվելու են ընդհանուր թիմի աշխատանքի շնորհիվ. շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել:

— Որպես ՈՒԽ նորընտիր նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում բուհում ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ ուղղությամբ արդյունավետության շարունակական ապահովման համար:

— Իրազեկ ուսանողների պարագայում իրավունքների պաշտպանվածությունը բավականին բարձր է: Թեև ուսանողների շրջանում տարբեր ձևաչափերով (էլեկտրոնային նամակներ, հոլովակներ և այլն) կատարվում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման աշխատանքներ, այնուամենայնիվ միշտ էլ անհրաժեշտություն է առաջանում այդ աշխատանքները լավարկելու: Նպատակ ունենալով նպաստելու ուսանողների իրազեկվածության բարձրացմանը՝ շուտով մենք իրազեկող հոլովակներ ենք պատրաստելու տարբեր թեմաների շուրջ և ՈՒԽ սոցհարթակների միջոցով տարածելու ենք դրանք:

— Ինչպե՞ս կարող են ուսանողները դառնալ ԵՊՀ ՈՒԽ անդամ։ Կներկայացնե՞ք անդամակցության կարգը: 

— Յուրաքանչյուր ֆակուլտետում սեպտեմբերի սկզբին իրականացվում է Ուսանողական խորհրդի «Իրազեկում» ծրագիրը, որի միջոցով ՈՒԽ-ն ներկայացնում է իր գործունեության ոլորտային ուղղությունները, ծրագրերը, լսում առաջարկներ, ծավալում քննարկումներ։ Ֆակուլտետներում հետաքրքրված ուսանողներին ՈՒԽ-ին անդամագրվելու հայտեր լրացնելու հնարավորություն է ընձեռվում: Մենք ունենք սպորտի, մշակույթի, գիտակրթական, արտաքին կապերի հանձնաժողովներ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի, բանավեճի ակումբներ, որոնց ևս ուսանողները հնարավորություն են ունենում անդամակցելու՝ ըստ իրենց նախասիրությունների:

— Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնելու առաջիկայում:

— Քանի որ կիսամյակային պլանավորումը բավականին վաղ փուլում է կատարվում, առաջիկայում նախատեսում ենք իրականացնել համալսարանական հայտնի ծրագրերը՝ «Ինքնակառավարում», «Զարգացում», մշտական հեքաթոն։ Այս ծրագրերը տարիներ շարունակ իրականացրել է Ուսանողական խորհուրդը:

Այժմ շարունակվում է «Արի մրցենք» միջֆակուլտետային միջոցառումը, որը սպորտային, ինտելեկտուալ, մշակութային մրցաշար է: Առաջիկայում անցկացվելու է «Համալսարանատեսիլ» մրցույթը, որը նոր ձևաչափ է։ Այն կազմակերպելու է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը։

Մեր ծրագրերը շարունակվելու են իրականացվել նոր եռանդով և պատասխանատվությամբ։ Սպասվող միջոցառումների մասին ուսանողները կարող են տեղեկանալ՝ հետևելով ՈՒԽ պաշտոնական էջին: 

Հասմիկ Ափրեյանը ուսանողներին խորհուրդ տվեց սովորել, ձեռք բերել նոր հմտություններ, օգտագործել ընձեռվող հնարավորություններն ու առկա հարթակները, ծառայեցնել դրանք ավելի լավ և մրցունակ մասնագետ դառնալու ճանապարհին:

Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին կայացած ԵՊՀ ՈւԽ նախագահության նիստում ՈւԽ նախագահ է ընտրվել Հասմիկ Ափրեյանը, փոխնախագահ՝ Հայկ Մնացականյանը, քարտուղար` Արթուր Դավթյանը, ՈւԽ նախագահի ֆակուլտետների գծով տեղակալ` Նանա Վիրաբյանը: