Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է, տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի 16 տարեկան երկու ուսանողի:
Նաև բաժին են ներկայացվել ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանողի:
Անձնական խուզարկությամբ ձերբակալված երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Հավելենք, որ Թբիլիսյան խճուղում գործում է Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջը։