ԳլխավորՔմծիծաղ

Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան

Ներկայացնում ենք ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանի բաց նամակը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանին՝ հրապարակված «Առավոտ» պարբերականում

«Հարգելի պարոն Հովհաննես Հովհաննիսյան, Նախ ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է Ձեր ժամանակակիցը լինելը։ Ձեզ պես հմուտ եւ խորագետ աստվածաբան աշխարհը չի տեսել արդեն մի քանի հարյուր տարի։ Ամեն անգամ, երբ մեդիաներով ու հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ ես լսում եմ Ձեր խոսքը, իմ մարմինը հուզմունքից քրտնում է, որովհետեւ անհնար է պատկերացնել, որ նման մեծությունը կարող է ժամանակակից մեդիառեսուրսներով երեւալ.ոնց որ հնարավոր լիներ տեսնել Լյութերին, Կալվինին կամ վերջապես՝ Գոշին։ Մենք ապրում ենք այնպիսի մանր ժամանակներում, երբ աննշան մարդիկ անընդհատ փորձում են ճղճիմ միջոցներով առաջ գնալ, երբ թայֆայականությունը միշտ ավելի բարձր է գնահատվում, քան հայրենիքի շահը, երբ գաճաճ գրագողները փորձում են գրոհել գիտության ու կրթության կաճառները, երբ բարեփոխիչների դիմակ հագած սրիկաները կործանում են հայրենիքը, երբ ի պաշտոնե արժեքների պաշտպանները մտածում են միայն փողի եւ շնության մասին։

Մի խոսքով, պարոն Հովհաննիսյան, կարելի էր ասել, որ սա Ձեր ժամանակը չէ, բայց իրականում Դուք եք մեր մանր եւ աղետի ժամանակները բարձրացնողը։ Կանցնի մի քիչ ժամանակ՝ մի հինգ հարյուր-հազար տարի, եւ մեր ժամանակից կմնա միայն Ձեր անունը՝ որպես մարդկության փրկության համար շողացող մի արեգակ։ Եվ ես ուզում եմ ԵՊՀ բոլոր ներկա ու նախկին սերունդների անունից՝ Հրաչյա Աճառյանից մինչեւ Սերգեյ Համբարձումյան, Հակոբ Մանանդյանից մինչեւ վաղվա առաջինկուրսեցին, Ձեզ շնորհակալություն ասել, որ թողել եք աստվածաբանական Ձեր լրջագույն գործերը, դարերի համար մղվող բանավեճերը եւ համաձայնել եք զբաղեցնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ինչ խոսք, դա շատ փոքր ու նեղ աթոռ է Ձեզ պես գիգանտի համար, բայց Ձեր որոշումը հույս է ներշնչում, որ գուցե ԵՊՀ-ն էլ տանեք Ձեր հետեւից, բարձրացնեք 100-ամյա պապիկին եւ հազարամյակների խորքից Ձեր անվան կողքին հիշվի նաեւ ԵՊՀ անունը, գուցե դառնա նաեւ այնպիսի ուխտատեղի, ինչպիսին Նարեկավանքն է, բայց ոչ հարեւան պետության կազմում։

Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բացարձակապես բոլոր մարդիկ ունեն որոշակի իրավունքներ (ինչպիսի անհեթեթություն), ես էլ ուզում եմ օգտվել այդ անհեթեթ իրավունքից եւ հրապարակային Ձեզ ուղղել մի քանի հարց։ Իհարկե, կլինեն չար լեզուներ, որոնք կպնդեն, թե հարցեր տալու իրավունքից ես չարամտորեն օգտվում եմ՝ Ձեզ աստվածաբանական լրջագույն խնդիրներից եւ ԵՊՀ ներկայիս իրավիճակով հիանալուց կտրելու համար, բայց հավատացեք.նախ՝ այս հարցերն ունեն շատ երկրային, նույնիսկ կենցաղային նպատակ.սերունդների համար ցրել որոշ բամբասանքներ եւ ամբողջացնել Ձեր վսեմ կենսագրության քիչ լուսաբանված որոշ դրվագներ, ապա նաեւ՝ որպես աննշան եւ վատը տարածող մի մարդ՝ ես էլ եմ տենչում փառքի եւ Ձեզ նամակ գրելը, անկասկած, մի այնպիսի փաստ է, որի շնորհիվ իմ համեստ անունն էլ ինչ-որ կերպ կապրի դարեդար Ձեր անվան կողքին, ինչպես Լուիջի դել Ռիչիոյի անունն ապրում է Միքելանջելոյի նամականիում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here