ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա

Երևանի պետական համալսարանում հունիսի 25-ին՝ «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսի շրջանակում, բացվել է «YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բացման արարողության ժամանակ շնորհավորեց համալսարանականներին ու գործընկերներին և հույս հայտնեց, որ նորաբաց լաբորատորիան կդառնա ոչ միայն ուսանողների սիրելի վայրերից մեկը, այլև դասախոսների։ Կարևորելով մասնավոր և կրթական հաստատությունների համագործակցությունը՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ ողջունելի է «Krisp» ընկերության մուտքը բուհ, և որ կրթությունն ու գիտությունն են նորարարությունների հիմքը:

«ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն է, որ ստեղծեց արհեստական բանականության լաբորատորիա, և դա պատահական չէ։ Ես կարծում եմ, որ մեր հետևողական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ունենալու ենք բավականին արդյունավետ գործող համակարգ»,- իր խոսքում ասաց Հ․ Հովհաննիսյանը։

«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նույնպես կարևորեց բուհ-գործատու համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված համագործակցության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում կհիմնադրվեն «Krisp»-ի նման տասնյակ ընկերություններ։

Ա․ Մինասյանը, խոսելով արհեստական բանականության ոլորտի զարգացմանը և «Krisp»-ի առավել արդյունավետ գործունեությանը միտված իրենց նպատակներից, ասաց, որ դրանց իրագործումը հնարավոր է ԵՊՀ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Անդրադառնալով լաբորատորիայի գործնական նշանակությանը՝ Ա․ Մինասյանը նշեց, որ այնտեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ․ ուսանողները կպաշտպանեն իրենց մագիստրոսական թեզերը, ասպիրանտները՝ թեկնածուական աշխատանքները։