ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի բացման արարողությունը

«ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի բացումը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 15-ին մեկնարկել է «ICPC» («International Collegiate Programming Contest») ծրագրավորման համաշխարհային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի փորձնական փուլը։ Ուսանողական ամենահայտնի մրցույթներից մեկի մասնակիցներն արդեն պատրաստ են հիմնական փուլում պայքարելու և ի ցույց դնելու ծրագրավորման իրենց հմտությունները։

«ICPC»-ն համաշխարհային ճանաչում ունեցող ծրագրավորման մրցույթ է, որը միավորում է աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներին և նպատակ ունի խթանելու երիտասարդ ծրագրավորողների ստեղծագործական մոտեցումները, ինչպես նաև զարգացնելու թիմային համագործակցությունը։

Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։

«Երևանի պետական համալսարանը մշտապես հավատարիմ է իր առաքելությանը՝ խթանելով կրթության զարգացումը, նորարարությունը և ուսանողների կարողությունների բացահայտումը։ Այս օլիմպիադան աշխարհի տաղանդավոր ուսանողների համար սեփական կարողությունները բացահայտելու, նորարար լուծումներ առաջարկելու և ծրագրավորման ոլորտում իրենց խոսքն ասելու լավագույն հարթակն է: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն ի ցույց դնելու գիտելիքները, այլև զարգացնելու համագործակցության, արագ մտածելու և բարդ խնդիրներին ոչ ստանդարտ մոտեցում գտնելու հմտությունները»,- ասել է Ռաֆայել Բարխուդարյանը՝ հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին:

ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, որը նաև «ICPC» համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի մրցույթի ղեկավարն է, նշել է.

««ICPC» մրցույթն այսօր ծրագրավորման, ալգորիթմական խնդիրների լուծման, թիմային առաջնության առանցքային վարկանիշ ունեցող մրցույթ է։ 2001 թվականից սկսած՝ համալսարանն ամեն տարի մասնակցել է այս մրցույթին մեծ նվիրումով՝ օրինակ ծառայելով հայաստանյան բուհերի համար։ Այս տարիների ընթացքում միայն Երևանի պետական համալսարանի թիմերին է հաջողվել դուրս գալ եզրափակիչ, այն էլ՝ չորս անգամ, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Բոլոր համալսարանների ուսանողներին մաղթում եմ՝ հնարավորություն ստանալ դուրս գալու եզրափակիչ փուլ, քանի որ դա Հայաստանի կրթական համակարգի հաջողության ցուցիչն է»։

ԵՊՀ թիմի մարզիչը ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանն է։ Կարևորելով ճիշտ մարտավարության մշակումը խնդիրների արագ լուծման գործում՝ նա ասել է.

«Ամեն թիմ իր կարողությունների սահմաններում է կատարում առաջադրանքները. ամեն ինչ կախված է նրանից, թե թիմը որքան լավ է կատարում իր աշխատանքը։ Առաջադրվող խնդիրները շատ բազմազան են։ Դրանք ընդգրկում են ոչ միայն ծրագրավորման, այլև մաթեմատիկայի, երկրաչափության և երբեմն՝ ֆիզիկայի բնագավառների գիտելիքներ։ Մեր թիմերը մշտապես լավ արդյունքներ են ցուցաբերել մրցույթում. նախորդ տարի ևս ԵՊՀ թիմերը կիսաեզրափակիչ փուլում գրանցել են լավագույն արդյունքները»։

Արմեն Անդրեասյանը հավելել է, որ ԵՊՀ-ն է Հայաստանում այս օլիմպիադիայի կազմակերպիչը։

Բացման արարողությունից հետո մեկնարկել է մրցույթի փորձնական փուլը, որի ժամանակ մասնակից թիմերը ստացել են անհրաժեշտ տեղեկություններ մրցույթի մասին, ծանոթացել իրենց տեղերին, համակարգիչներին, առաջարկվող ցանցին։

Մրցույթի հիմնական փուլը կանցկացվի այսօր՝ նոյեմբերի 16-ին։ Հայաստանի տարբեր բուհերից 30-ից ավելի թիմեր կպայքարեն կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար։ Երևանի պետական համալսարանը ներկայացնում է 8 թիմ։

«ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի բացումը ԵՊՀ-ում

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են երեք ուսանող և մեկ մարզիչ։ Հայաստանն ընդգրկված է «Հյուսիսային Եվրասիա» կիսաեզրափակիչ գոտում։ Հիմնական մրցույթի տևողությունը 5 ժամ է, որի ընթացքում թիմերը, օգտագործելով մեկ համակարգիչ, պետք է լուծեն առաջադրված խնդիրները։ Ուսանողներին առաջադրվելու են ալգորիթմական բարդ խնդիրներ, որոնց լուծումներն ուղարկվելու են թեստավորման ավտոմատ ստուգող համակարգի միջոցով։ Հավասար քանակով լուծած խնդիրների դեպքում հաշվի են առնվելու խնդիրների լուծման ժամանակահատվածը և անհաջող փորձերի քանակը։

Հաղթող մասնակիցները մրցույթը կշարունակեն կիսաեզրափակիչում, որն անցկացվելու է դեկտեմբերի 13-15-ը տարբեր քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։

Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 15-20-ը Աստանա քաղաքում (Ղազախստան) անցկացված «ICPC World Finals 2024» ծրագրավորման ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլում մեր ուսանողներին հաջողվել է ընդգրկվել եզրափակիչ անցած 142 լավագույն թիմերի շարքում։

«ICPC» ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադային յուրաքանչյուր տարի մասնակցում են շուրջ 3000 համալսարաններից ավելի քան 50 000 ուսանողներ։ 2001 թվականից մասնակցելով մրցույթին՝ ԵՊՀ թիմերն արդեն չորս անգամ անցել են եզրափակիչ փուլ՝ տարեցտարի գրանցելով ավելի լավ արդյունքներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հայտ «ICPC» ծրագրավորման ուսանողական մրցույթի աշխարհի եզրափակիչը Հայաստանում կազմակերպելու համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել էր «ICPC» հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ-ն պատրաստ է ներդնելու անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները հեղինակավոր միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։