Դասախոսություն ԵՊՀ պատմության թանգարանում՝ նվիրված ուշխորհրդային Հայաստանի երիտասարդական շարժումներին։
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Երևանը 1970-ականներին. ոճականություն և առօրեականություն» թեմայով դասախոսություն։ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, ազգագրագետ, մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանը դասախոսության շրջանակում ներկայացրեց 1960-70-ականների երիտասարդական ու ազգայնական շարժումների առանցքային դրվագները, խոսեց երիտասարդների ոճի, նախընտրելի հագուստի և երաժշտական ճաշակի մասին։
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը նշեց, որ այս դասախոսության շրջանակում առանձնահատուկ տեղ է հատկացվում ուշխորհրդային շրջանի ուսանողներին, որոնց շնորհիվ այսօր հայ ժողովուրդն ունի ազատական միտք և ինքնուրույնություն։
«1960-1970-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցան նշանակալի շարժումներ. խորհրդային ամբողջատիրական համակարգը որոշակիորեն ազատականացավ քաղաքական ու կառավարման համակարգերի տեսանկյունից, աստիճանաբար փոխվեց նաև մարդկանց առօրյան։ Այդ փոփոխությունների կիզակետը Երևանն էր, որտեղ երիտասարդությունը «կերպարանափոխվում էր» շատ արագ»,- ասաց Տաթևիկ Սարոյանը։
Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը դասախոսության նախաբանում անդրադարձավ 1960-ականներին ամբողջ աշխարհում բուռն զարգացում ապրող ուսանողական և ազգայնական շարժումներին։ Նա մատնանշեց, որ ԱՄՆ-ում 1960-ականներին ձևավորվեց հիպիների շարժումը։
«Հիպիների շարժումը դիտվում էր որպես ազատության նշան։ Նրանք ունեին երկար մազեր, լսում էին ռոք երաժշտություն, ԱՄՆ-ում կրում էին ջինսե տաբատներ, քանի որ դա ամենաէժան հագուստն էր»,- պատմեց Լևոն Աբրահամյանը։
Խոսելով 1970-ականներին Հայաստանում ձևավորվող երիտասարդական շարժումներից՝ բանախոսը փաստեց, որ հիպիների շարժումը Հայաստան է հասել 1970-ականների սկզբին։
«Երկու երկրների հիպիների շարժումների հիմնական ընդհանրությունն այն էր, որ նրանք լսում էին ռոք երաժշտություն։ Հայաստանում հիպիներն իրենց ընկալում էին որպես սոցիալական խումբ և պայքարում էին ռաբիս երաժշտություն լսողների դեմ։ Ի տարբերություն ԱՄՆ-ի հիպիների՝ Հայաստանում նրանք ջինս չէին հագնում, քանի որ այստեղ վաճառքում ջինս գրեթե չէր լինում, իսկ եթե նույնիսկ լինում էր, ապա բավականին թանկ էր»,- նշեց նա։
Դասախոսության շրջանակում ընդգծվեց հիպիների կարևոր դերը ինտելեկտուալ հակախորհրդայնության ձևավորման գործում, քանի որ նրանք, բակային խոսակցությունները տեղափոխելով հանրային տարածք (արվեստանոցներ, սրճարաններ), սկսեցին քննարկել արվեստի տարբեր ճյուղերի զարգացմանն առնչվող գաղափարներ։
Լևոն Աբրահամյանը խոսեց նաև «ստիլյագներ»-ի մասին, որոնք հագնում էին արտասահմանյան ոճի հագուստ, ինչը աննախադեպ էր Խորհրդային Հայաստանում, անդրադարձավ այն խմբերին, որոնք դիմադրում էին նոր ձևավորվող շարժումներին, իսկ առաջադիմության ձգտող երիտասարդները ստիպված էին հաճախ լուրջ պայքարի միջոցով կոտրել այդ դիմադրությունը։
Բանախոսն անդրադարձավ նաև այդ ժամանակաշրջանում Հայաստանում սկսվող ազգայնական շարժումներին՝ ընդգծելով 1965 թ. դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կատարված առաջին երթը։ Իսկ ինչ վերաբերում է երաժշտական ճաշակի ձևավորմանը, նա ընդգծեց, որ 1968 թ. տեղի ունեցավ երևանյան առաջին ջազ փառատոնը, որն էլ այդ ժամանակվանից դարձավ ամենամյա միջոցառում։
Դասախոսության ավարտին անցկացվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ մասնակիցները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Դասախոսությունը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համագործակցությամբ, «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում։