ԳլխավորԽճանկար

Ուսանողները` ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի առանձնահատկությունների մասին

Ռազմիկ Մակարյան, Սարգիս Սարգսյան

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական կրթությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում շարունակել են Լիլի համալսարանում (Ֆրանսիա)՝ առավել խորացնելով երկրաբանության ոլորտի վերաբերյալ գիտելիքները: Նրանք պատմել են կրթությունն արտասահմանում շարունակելու շարժառիթների, ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի կրթության կազմակերպման, ուսանող-դասախոս փոխհարաբերությունների տարբերությունների մասին, հայտնում են ysu.am-ից:

Երկրաբանություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Մակարյանը Լիլի համալսարանում ուսումնասիրել է «Երկրապահպանություն», «Կենսաշերտագրություն», «Գիտական գրություն և հաղորդակցություն», «Երկրաբանական նյութերի բնութագրման մեթոդիկա» և այլ առարկաներ:

Խոսելով կրթության կազմակերպման, ուսանող-դասախոս փոխհարաբերությունների մասին՝ Ռազմիկը նշեց. «Դասախոսը գիտելիքին զուգահեռ պետք է ունենա ուսանողակենտրոն աշխատելաոճ, ինչը ԵՊՀ-ում բավական բարձր մակարդակի է: Իսկ ինչ վերաբերում է Լիլի համալսարանին՝ կարելի է ասել՝ հասարակությունից առանձնացված ուսանողական քաղաք է Լիլի ծայրամասում։ Այնտեղ ամեն մի մասնագիտություն ունի իր մասնաշենքը, իր սարքավորումները, բոլոր լսարանները համալրված են անհրաժեշտ գույքով։ Դասերը սկսվում են 8։00-ից: Մեկ դասն առանց դադարի կարող էր տևել մի քանի ժամ, անգամ պատահում էր՝ կեսօրին տրված մեկ ժամ ընդմիջումից հետո դասը ձգվում էր մինչև 20։00-ն. դա իմ կարծիքով չափից շատ ծանրաբեռնող է»։

Շարունակելով համեմատել ԵՊՀ-ն և Լիլի համալսարանը՝ նա ընդգծեց, որ արտերկրի բուհում մեկ դասընթացը դասավանդում էին տարբեր դասախոսներ և ասպիրանտներ. «Ամեն մեկն իրեն հատկացված ժամին ներկայացնում էր իր նյութը։ Թե՛ մասնագետները, թե՛ ուսանողները տիրապետում էին մեկ ուղղության միայն. այլ ոլորտներից հարցեր չէիր կարող տալ, մինչդեռ ԵՊՀ-ում այդպես չէ»:

Լիլի համալսարանում Ռազմիկին տպավորել է նաև այն, որ անգլերենով կազմված կրթական նյութերը և հոդվածները ամեն ամիս թարմացվել են.

«Օրինակ՝ ԵՊՀ-ում դեռ կան երկրաբանության ոլորտին վերաբերող խորհրդային ժամանակաշրջանի հաշվարկներ, մինչդեռ աշխարհում, կարելի է ասել, ամեն օր նոր հայտնագործություններ են արվում»,- ասաց նա ու հավելեց, որ Լիլի համալսարանի դրական կողմերից էին գործնական դասընթացների հաճախակի կազմակերպումն ու լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը:

Մասնագիտական կրթությանը զուգահեռ Ռազմիկը Լիլի համալսարանում մասնակցել է նաև ֆրանսերենի ինտենսիվ դասընթացների, որոնք կազմակերպվել են ֆրանսերենով: Ըստ ուսանողի՝ այս մոտեցումը մի փոքր խոչընդոտում է լեզվի հեշտ յուրացմանը:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սարգիս Սարգսյանը ևս «Էրազմուս+» ծրագրի շրջանակում չորս ամիս սովորել է Ֆրանսիայի Լիլի համալսարանում՝ ուսումնասիրելով «Երկրապահպանություն», «Գեոմատիկա և գեոստատիստիկա, կիրառումը երկրաբանության մեջ», «Պալեոկլիմայագիտություն», «Պալեոմիջավայրի վերակառուցումներ», «Գիտական հաղորդակցություն և գրելու հմտություններ» և այլ ուսումնական առարկաներ:

Սարգիսը նշեց՝ որոշել է օգտվել ԵՊՀ ընձեռած հնարավորությունից, քանի որ ունի բարձր առաջադիմություն, հետաքրքրված է արտասահմանյան կրթական համակարգով և ասպիրանտուրա ընդունվելու նպատակ ունի:

Սարգիսին ևս գրավել է հատկապես այն փաստը, որ Լիլի համալսարանում լսարանները հագեցած են ուսանողների թվին համապատասխան ժամանակակից սարքավորումներով. «Դա ավելի է հեշտացնում գործնական աշխատանքները և ակտիվացնում ուսանողների մասնակցությունը հետազոտություններին։ Հույս ունեմ, որ ԵՊՀ-ն կշարունակի համալրել հատկապես բնագիտական ֆակուլտետների սարքավորումների քանակը»:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews