ԳլխավորՄի կտոր գիրք

Կենձաբուրո Օե. «Ընկեցիկներ երկրագնդի վրա»

Ճապոնական տաճարը՝ աշնանը

Ներկայացնում ենք ճապոնացի արձակագիր, գրականության նոբելյան մրցանակակիր (1994) Կենձաբուրո Օեի (31 հունվարի, 1935- 3 մարտի, 2023) «Ընկեցիկներ երկրագնդի վրա» պատմվածքը։

***

Թաղման արարողությունը սկսվեց ժամը երեքին, թեև սովորույթի համաձայն՝ գյուղում պետք է շատ ավելի շուտ սկսվեր։ Ըստ երևույթին, պատճառը մենք էինք, ամենաշուտ չվերթով չէինք ժամանել։ Թափորը հայրական տնիցս գետի ափամերձ ճանապարհով շարժվեց դեպի Բոդհի տաճար։ Իերիի հետ հայացքով ուղեկցում էինք լացող մարդկանց․ տատիկը կանգնած էր մեր միջև՝ ձախ ձեռքով հենված ձեռնափայտին։ Թափորի դիմացից տանում էին հորեղբորս դիմանկարը, հետո՝ հուշատախտակը, իսկ դրանից հետո ձգվում էին զամբյուղներով հնդկեղեգի երկար ձողերը, մեծ ծաղկեպսակները և մտահնար թղթե դրոշակները։ Հարևանները՝ ոմանք սգազգեստով, ոմանք սովորական հագուստով, կանգնած էին ճանապարհի երկու կողմերում՝ տների շվաքներում՝ հրաժեշտ տալով հանգուցյալին։ Աշնանային անձրևի շղարշը, որը գետի վերևի լեռնալանջին հակառակ էր փայլատակում, լեռնանցքի մյուս կողմն էր անցել՝ փշատերևի երանգներով մթագնող հարավային լանջին։  Տարօրինակ տեսարան․ թափորը նման բնապատկերի ֆոնին։ Հնդկեղեգի ձողերի զամբյուղներից ծանր դագաղի վրա թափված թղթե ծաղիկները Պոլինեզիայի ինչ-որ խուլ անկյունների բնիկների հուղարկավորության ծիսակարգ էին հիշեցնում։ Ամեն բան խաղաղությամբ և լուսավոր թախիծով էր համակված։ Կարմիր, կապույտ և դեղին ծաղիկները կամացուկ թափվում էին զամբյուղներից, և ամեն անգամ տատիկը երկարեցնում էր բարակ վիզը և կկոցում աչքերը, ասես փորձում էր տեսնել, թե ինչ էր այնտեղ կատարվում։

Երբ թափորի վերջին մասնակիցները ճանապարհ ընկան, ես, Իերին և տատիկը վերադարձանք տուն, մի փոքր հանգստացանք, իսկ հետո գնացինք տաճար՝ նորից Սյու Չանի մեքենայով։ Տատիկը դժվար է քայլում, այդ պատճառով Սյու Չանը շրջանցիկ ճանապարհով գնաց և ճամփաբաժանի մոտ իջեցրեց մեզ, որտեղ Բոդհի տաճարի բակից և գերեզմանատնից դեպի անտառ տանող արահետ կար։ Հետնամուտքից մտանք տաճար, հազիվ հասցրինք արարողության սկզբին։ Վանականը, որն անցկացնում էր արարողությունը, և նրա օգնականներն արդեն հանդիսավոր կերպով գնացել էին գլխավոր սրբավայր, իսկ թաղման քաղաքային ընկերությունից մի հաղթանդամ տղամարդ զինվորական ձևով, ինչպես հին ֆիլմում, տանիքից բղավում էր տաճար մտնողների վրա, որպեսզի իրենց տեղերը գրավեին և հանգիստ նստեին։ Տատիկը նստեց իմ  և Իերիի միջև՝ մեջտեղի հատվածում, որը նախատեսված էր ընտանիքի անդամների և մյուս բարեկամների համար, ձգվեց և թափահարեց ձեռքը՝ կանչելով գլխավոր վանականին։ Ըստ երևույթին, ինչ-որ բան ուներ նրան ասելու։ Վանականը կանգ առավ, բայց չմոտեցավ, փոխարենն իր օգնականին ուղարկեց։

Տատիկի խնդրանքը հետևյալն էր․ «Կարող ենք խնդրել այն մարդուն հեռանալ, որն իրեն հուղարկավորության ղեկավար է ձևացնում»։ Օգնականին լսելով, որը ներկայացնում էր տատիկի խոսքերը, գլխավոր վանականը գլխով արեց և խնդրանքը փոխանցեց գոռգոռացող մարդուն։ Վերջինս հանդարտվեց, և արարողությունը շարունակվեց նորմալ ընթացքով։ Արարողությունից հետո տաճարից այգի դուրս գալով ՝ հայացք գցեցի թաց պատշգամբին։ Թաղման քաղաքային գործակալության՝ կրծքակալով սգո սև կոստյում հագած և թիթեռնիկ կապած աշխատակիցը ծնկները գրկած պպզել էր անկյունում և նայում էր քլինտոնիայի՝ անձրևի կաթիլներով շաղախված տերևներին։

Հորեղբորս ավագ որդին շնորհակալություն հայտնեց տաճարի այգում հավաքված լացող մարդկանց։ Տատիկը որոշեց, որ այդքանով ամեն ինչն ավարտված է։ Մենք դեռ սպասեցինք մինչև դագաղը տեղավորեցին դիակառքի մեջ և գետի երկայնքով տարան դեպի դիակիզարան, իսկ տատիկը վերադարձավ տաճարի նախադռան մոտ և խոսակցության բռնվեց գլխավոր վանականի հետ․ ըստ երևույթին, վաղեմի ընկերներ էին։ Այդ ամենին հետևելով՝ հորաքույր Ֆուսյան սկսեց փնթփնթալ․ «Անտեսում է իր պարտականությունները։ Նույնիսկ չի ուզում հին ծանոթներին ողջունել, որոնք բավականին հեռվից են ժամանել»։ Շատ չանցած մոտեցավ Սյու Չանը՝ նման «Միշլեն» գովազդից տղամարդու (սգո կոստյումը փոքրավուն էր նրա համար), և ասաց, որ տատիկը դուրս էր եկել հետնամուտքից և Իերիի հետ սպասում էր այն նույն տեղում, որտեղ թողել էր մեզ արարողությունից առաջ։

Վերադառնում էինք մի հիասքանչ արահետով՝ աշնան բոլոր տեսակի գույներով փայլող կարճլիկ թփերի շարքերի միջով քայլելով․ տատիկն արդեն մեքենայի մեջ էր՝ հետևի նստատեղին նստած, մեզ տեսնելով՝ հրեց դիմացի նստատեղի թիկնակը, որպեսզի Իերին տեղափոխվեր և նրա կողքին նստեր։ Տաճար գալու ճանապարհին ես, տատիկն ու հորաքույր Ֆուսյան երեքով հետևում էինք նստած, տեղը նեղ էր, թեև երեքս էլ նիհար և մանր էինք։ Բայց հետադարձ ճանապարհին տատիկը որոշել էր ոչ ոքի չթողնել հետնամասում նստել՝ բացի Իերիից։ Հենց որ վերջինս նստեց, տատիկն ուղղեց թիկնակը։

-Կարծես թե ուզում էիք Իերիին անտառը ցույց տալ, չէ՞, տատի՛կ,- հարցրեց հորաքույր Ֆուսյան՝ տատիկին, այդ թվում նաև ինձ և Իերիին մեղքերը քավող աղով օծելով, երբ կանգնած էինք մեքենայի մոտ, ինչպես որ ընդունված է անել հուղարկավորությունից հետո։ – Եթե պետք է սար բարձրանանք, երեքով հետևում նստած հարմար չի լինի։ Մա Չա՛ն, դու հետևո՛ւմ նստիր, իսկ ես կվարեմ։ Իսկ դո՛ւ, Սյո՛ւ, ոտքով կգնաս, չէ՞ որ դու մրցավազորդ ես, ու կօգնես այնտեղ ամեն ինչ կարգի բերել։

Շարժվեցինք անտառային արահետով և գյուղական գետի վրայով անցնող կամուրջը հետևում թողնելով՝ ուղևորվեցինք դեպի ճանապարհ, որը օձի նման գալարվելով՝ դեպի սարի գագաթն էր բարձրանում։ Երբ մեքենան կամրջի մոտից պտտվեց, շրջվեցի ու նայեցի Սյու Չանին․ իսկական «Միշլենի» գովազդի մարդուկ․ տերևաթափից մերկացած ժայռից համաչափ և կենտրոնացած վազում էր դեպի ներքև։

Ճանապարհը պտույտ էր տալիս՝ անշեղ կերպով տանելով դեպի սարի բարձունքը։ Ընտանիքում ծիծաղելով պատմում էին՝ երբ հայրս առաջին անգամ բերել էր մեզ իր գյուղ, Օ Չանին, որը մանուկ հասակից իմ ուսուցիչն էր, հարցրել էի․ «Երբ հայրիկը փոքր էր, այստեղ դեռ մամոնտներ կայի՞ն»։ Ես ինքս չեմ հիշում, թե ինչպես եմ այդ մասին հարցրել, բայց ճանապարհը, որով մինչև թունելի կառուցումը գնում էինք հայրական տուն, հավերժ դրոշմվել է հիշողությանս մեջ։ Բայց գետի երկայնքով դեպի գյուղակի «շրջանային» (տեղական քարտեզի լեզվով ասած) տանող ճանապարհը, ըստ իս, շատ ավելի երկար է։

Շրջակա գեղեցկությունից շունչդ կտրվում էր։ Կայանատեղիից այն կողմ՝ դեպի հորս գյուղ և հովիտ տանող  ճանապարհի երկու կողմերի լանջերին՝ աշնանային շիկակարմիր սաղարթի մեջ վառ կարմիր բծեր կայծկլտացին։ Երբ ավելի շատ բարձրացանք՝ «շրջանի» տարածք մտնելով, գլխի ընկա, որ դրանք անտառաբաժիններն են, որտեղ արմավենիներ են տնկած։ Հենց անտառաբաժիններ, այլ ոչ թե այգիներ։ Նախկինում այստեղ արտեր էին, որոնք պատերազմից հետո՝ սովի տարիներին, մաքրել էին ցորենի համար։ Տատիկը, որը ժամանակին մեծածախ վաճառքի պահեստ էր ունեցել, բացատրեց, որ ցորենին եկան փոխարինելու շագանակները, այնուհետև հերթը հասավ նար արմավներին։

Շատ չանցած ճանապարհը մտավ կարմրանարնջագույն մացառուտի մեջ․ շլացուցիչ կարմիր կավաքարը պատեց մեզ բոլոր կողմերից։ Եվ որքան շատ էինք բարձրանում, այնքան սաղարթն ավելի վառ և խիտ էր դառնում։ Հենց որ համեմատաբար ուղիղ հողակտորին հայտնվեցինք, սաղարթի արանքներից սկսեցին երևալ բարձր, քարակառույց վեհ տները՝ ծածկված մե՛րթ ծղոտով, մե՛րթ կղմինդրով։ Հովիտի տնակների հետ անհնար էր համեմատել․ բոլորը պատկառելի էին և միևնույն ոճով կառուցված։ Վերջապես հորաքույր Ֆուսյան կանգ առավ լեռնաճյուղի մոտ, որտեղից տեսանելի էին բոլոր չորս կողմերը։ Մի կողմում հսկայական կավե հավանգի նման խորը լեռների մեջ էր խորանում ընդարձակ հովիտը։ Հովտի անծայրածիր փոսից այն կողմ ձգվում էր միանման, մռայլ, կապույտ լեռների շղթան։

-Ահա նրանք՝ Սիկոկու լեռները, – ասաց հորաքույր Ֆուսյան։ – Հասկանում եմ, թե ինչու են մեր նախնիները, հալածանքներից փախչելով, այս լեռնաշղթաների արահետներով երկար թափառումներից հետո ապաստարան գտել հենց այստեղ՝ անտառի թավուտում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, թե ինչպես էին նոր բնակատեղի հիմնելու մասին երազում՝ չնայած բոլոր դժբախտություններին։ Ցավալի է,- շունչ քաշեց նա՝ մեր առաջ բացվող բնապատկերին հայացք գցելով։

Իերին օգնեց տատիկին դուրս գալ մեքենայից։

-Ես էլ էի այդ մասին մտածում այստեղից՝ այս բարձունքից նայելիս, – զրույցին միացավ տատիկը, – երբ քառանիվ սայլով եկանք այստեղ՝ պահեստի համար շագանակ գնելու։ Բայց այդ ժամանակներից շատ տարիներ են անցել, և հիմա նայելով հովիտի այդ գյուղին՝ հասկանում եմ, որ մեծ համայնքի համար էլ բավականաչափ տեղ կա, սնվելը դժվար չէ։ Ապա այս լանջերի՛ն նայեք։ Այստեղ այնքան հող կա, որ ամբողջ կյանքդ էլ վատնես, բոլոր անկյունները և ծակ ու ծուկերը չես անցնի։ Անծայրածի՜ր տարածություն է։ Դրա համար էլ մեր անտառի հրաշքների մասին առասպելներն այսքան ժամանակ այստեղի մարդկանց սրտերում են։ Սակայն բացի քեզանից՝ Իե՛րի Սան, ոչ ոք այդ առասպելը երաժշտություն չի դարձրել․․․ Լսել եմ ձայներիզը, որն ուղարկել էիր, հենց այստեղ՝ այս լեռնաճյուղում եմ լսել։ Քո երաժշտությունը լսելիս իսկապես անտառային առասպելներն են գալիս մտքիդ։ Ի դե՛պ, Իե՛րի Սան, ինչի՞ մասին է քո վերջին ստեղծագործությունը։

-Կոչվում է «Ընկեցիկը», – փնթփնթաց Իերին և բազմաբովանդակ լռեց։

Միայն ես չէի, որ ցնցվեց այդ խոսքերից։ Տատիկը և հորաքույր Ֆուսյան վախից անշարժացել էին, ասես քարացած լինեին, չէին համարձակվում նույնիսկ գլուխները թեքել։ Զարմանալի է, մտածեցի ես, նրանց միջև այդպիսի տարիքային տարբերություն կա (վերջիվերջո մայր և դուստր են), բայց միանգամայն նույն կերպ են արձագանքում։ Հիշեցի մորս մասին, որ մնացել էր այնտեղ՝ հեռավոր Կալիֆոռնիայում, և հանկարծ սիրտս ճմլվեց սիրուց։ Քիչ էր մնում բարձր բղավեի․ «Փրկի՛ր ինձ, մայրի՛կ։ Ինձ էլ «փորձանքի» մեջ չթողնես»։ Իսկ Իերին, որը ներսումս ալեկոծել էր այդ ցավը, արդեն անհոգ կերպով անցել էր կողնակի մյուս կողմը, այնտեղ, ուր մի աստիճան ներքև շառագունում էր արմավենու անտառաբաժինը, որը էտել էին բերքահավաքի համար։ Թեքվելով դեղին բծերով կարմիր տերևի վրա՝ կանգնել և ներշնչում էր փայլփլուն կաթիլներով անձրևի հոտը․

-Այդքան մոտ մի՛ գնա, Իե՛րի, – բացականչեցի ես։ – Այլապես կկարծեն, թե արմավ գողանալու ես եկել։

Բառերն ինքնըստինքյան դուրս թռան շուրթերիցս, թեև բոլորովին ուրիշ բանով էին լցված սրտիս գաղտնարանները։

-Ոչ ոք ոչ մի նման բան չի մտածլ, – առարկեց տատիկը՝ թաքցնելով ժպիտը։ – Տասը-տասնհինգ տարի առաջ ֆերմերները դաշտերը ցանկապատերով կշրջապատեին։ Բայց հիմա ամեն բան այլ է։ Բոլոր ֆերմերական տների առաջ հասած արմավների լեռներ են, չե՞ս նկատել։ Արմավներն այստեղ այնքան շատ են, որ նույնիսկ երեխան չի նայի դրանց վրա․․․ Այո՛, Մա՛ Չան, երեխաները․․․ Նայում ես երեխաներին և միանգամից հասկանում ես, թե որքան արագ է փոխվում կյանքը։ Երբ ես փոքր էի, ծղոտե սանդալներ էինք հագնում, յուրաքանչյուրս միայն մեկական կիմոնո ունեինք՝ առանց աստառի, և միայն մեկ կարմիր կտոր օբի (ճապոնական գոտու տեսակ) համար։ Ցախ էինք հավաքում, հողի վրա խարույկ էինք վառում և բաթաթ էինք պատրաստում։ Լինում էր, որ գետն էինք մտնում՝ մինչև գոտկատեղ հանվելով, և եղեգնյա զաբյուղներով ձուկ էինք որսում։ Տեսել ես, չէ՞, նկարներով գրքերը․․․ «Հին ժամանակների մանկական սովորույթներ», «Մանկական տոներ»։ Ամեն բան հենց այնպես էր, ինչպես դրանց մեջ պատկերված է։

-Դուք հին ժամանակների պես եք ապրում, տատի՛կ, – մեջ ընկավ հորաքույր Ֆուսյան։ – Իսկ մենք գերազանցել ենք թե՛ հին ժամանակները, թե՛ այժմեականություն։ Իերին և մյուսները քայլ են արել դեպի ապագա։

-Թող ձեր ասածով լինի, – զիջեց տատիկը։ – Իսկ ի՞նչն է խանգարում անցյալին պարզ կերպով և առանց ձևականությունների զրուցել ապագայի հետ։ Իե՛րի Սան, կպատմե՞ս ինձ վերջին ստեղծագործությանդ մասին։

-Մեծ հաճույքով, – Իերին միանգամից աշխուժացավ, ուղղվեց և քայլեց հետ՝ մեզ մոտ։

-Իսկ մենք՝ մերօրյա երեխաներս, մի փոքր կզբոսնենք և մի քանի բան կքննարկենք, – ասաց ինձ հորաքույր Ֆուսյան։ – Այժմեականությանը դժվար չէ ապագայի հետ լեզու գտնել։

Ինչպես որ ենթադրում էի, հորաքույր Ֆուսյան առանձին (ինչպես ժամակակակից անձը ժամանակակից անձին) ուզում էր հարցուփորձ անել «Ընկեցիկի» մասին։ Իրեն բնորոշ գործնականությամբ էր դատում։ Նա անկեղծորեն ասաց․ «եթե Իերին միայնակ է զգում իրեն այն պատճառով, որ իմ ծնողները մնացել են այդ ամերիկյան համալսարանում, ապա պետք է զանգահարեմ նրանց և խնդրեմ անմիջապես վերադառնալ։ Կեյ Չանը միայն ճապոներեն է գրում, այդ դեպքում ի՞նչ կարիք կա Ամերիկայում գտնվելու՝ այսպիսի դժվարին ժամանակներում նեղություն տալով երկրին, երբ դոլարի փոխարժեքն այդքան ընկել է։ Նա պնդում է, որ պետք է շփման մեջ լինի գործընկերների հետ, բայց անգլերեն շփման իմաստը ո՞րն է, եթե նա հազիվ թե կարողանա անգլերենը տարբերել ֆրանսերենից։ Ըստ հորաքույր Ֆուսյայի խոսքերի՝ Կեյ Չանը ազնվորեն խոստովանել էր դա վերջին հեռախոսազանգի ժամանակ։

Այդպես էլ չկարողացա բացատրել նրան, որ հայրս «փորձանքի մեջ է»։ Միայն ասացի, որ Իերին լքված երեխա չէր զգում իրեն, և որ ես ոչ մի նման բան չէի նկատել։ Եզրափակչի լարայինների համար էր մտահոգվում միայն, առհասարակ նրան ոչ այնքան թեման էր հետաքրքրում, որքան գործի տեխնիկական մասը։

Հորաքույր Ֆուսյան մեքենան կայանել էր ալիքաձև գագաթի բնական դիտահարթակներից մեկի մոտ․ բավական էր մի փոքր անցնել, և ողջ հովիտը, կավե հավանգի ողջ հսկայական հատակը սփռվում էր առջևդ այնպես, ասես ափիդ մեջ լիներ։ Վերին հոսանքներում գետը սկսում էր պտուտակվել, ճիշտ այն ճանապարհի նման, որով եկել էինք, և իր բոլոր ոլորաններով շլացնելու աստիճան փայլում էր արևի ճառագայթների ներքո։ Քիչ հեռվում վեր էր խոյանում անտառի մի շիվը՝ ամբողջությամբ նոճիներով ծածկված բլուրը, իսկ նոճիներից վերև դարավոր մայրիներն էին վեր բարձրանում, որոնք անզուսպ կերպով դեպի երկինք էին ձգվում։ Այդ բոլոր ծառերի միջև բարձր խողովակով բետոնե արկղ էր ցցված, որը բոլորովին չէր համապատասխանում տվյալ պատկերին։ Ժամանակ առ ժամանակ սպիտակ ծուխ էր դուրս գալիս այդ խողովակից։ Հորաքույր Ֆուսյան խիստ հայացքը հառեց այդ խողովակին և ասես մտածմունքների մեջ ընկավ։

Իսկ ես անընդհատ երկինքն էի ուսումնասիրում՝ լուրթ և պարզ, ասես ոչ մի անձրև էլ չէր եղել, որը քիչ առաջ վերևից թափվել էր մեզ վրա։ Հայացքս արևի վրա երկար պահելուց հետո փռշտացի, և շատ ճիշտ ժամանակին, որովհետև փռշտոցս դուրս բերեց հորաքույր Ֆուսյային մտածմունքներից, ինչի մասին էլ որ նա մտորելիս լիներ․ Իերիի «Ընկեցիկի», հորեղբորս մահվան կամ, ինչը որ ավելի հավանական է, երկուսի մասին միաժամանակ։

-Դո՞ւ էլ ես արևից փռշտում, Մա՛ Չան, – բացականչեց նա՝ բարձրացնելով գլուխը և դեպի ինձ շրջվելով։ – Երբ Կեյ Չանը դպրոցում էր սովորում, ինչ-որ ամսագրում հոդված էր կարդացել այդ մասին։ Եվ որոշել էր փորձ կատարել․ պարզել արդյոք մարդիկ իսկապես արևից են փռշտում, թե ոչ։ Փորձի համար առկա ճագարների տեսականին հարուստ չէր, դրա համար ամեն առավոտ նա ստիպում էր ինձ նայել արևին, որքան էլ որ ես խույս էի տալիս։ Կեյ Չանն այդ ժամանակ հափշտակված էր գիտական փորձերով, ինչպես որ Օ Չանը։

Աչքերը կկոցելով՝ հորաքույր Ֆուսյան նայեց արևին, որն արդեն արևմուտք էր թեքվում, և հանկարծ փռշտաց՝ շատ հաճելի և զվարճալի կերպով։ Մենք սկսեցինք ծիծաղել, և այդ պահին համարձակվեցի մի բան հարցնել նրան։

-Կարծեմ այն ժամանակ, երբ հայրիկն ավելի երիտասարդ էր․․․ – սկսեցի ես։ – Լսել եմ, որ մի անգամ հացահատիկ է տարել ջրաղաց, և քանի դեռ սպասելիս է եղել ալյուրին, սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու (կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից, իր անվամբ կոչված Ֆրանցիսկյան ուխտի կամ միաբանության հիմնադիր) մասին է կարդացել։ Եվ ամենայն լրջությամբ սկսել է անհանգստանալ այն մասին, թե չպետք է արդյոք մտածել հոգու մասին։

-Այո՛, կատարյալ ճշմարտություն է, – հաստատեց հորաքույր Ֆուսյան։ – Տեսնո՞ւմ ես, ա՜յ այնտեղ գետը երկու բազկի է բաժանվում՝ մեկը բաց, իսկ մյուսը մուգ։ Իսկ ջրաղացը մի փոքր այն կողմ է, այն մեկի մոտ է՝ մուգ բազկի, որն ավելի նեղ է։ Կեյ Չանը վերադարձել էր, երկու ձեռքերով պարկը կրծքին սեղմած, իսկ դեմքն ամբողջությամբ սպիտակ էր։ Նա այնքան էր վախեցել, որ սուրբ Ֆրանցիսկն ինչ-որ ծառի հետևից կարող էր դուրս գալ և ստիպել նրան մտածել հոգու մասին, որ սկսեց լաց լինել, իսկ աչքերը ջրարջանման շան աչքերին նմանվեցին․․․

-Իսկ հայրիկն ասում էր, որ ասել էիք, թե սպիտակ կապիկի էր նման․․․

-Մի փոքր չափազանցրել է, բայց հոգ չէ, նրա գործն է։ Նիհար, ոսկրոտ ջրարջանման շուն, ահա թե ում էր նա նման․․․ Բայց ըստ իս՝ այդ օրվանից սկսած այդպես էլ վախի մեջ ապրում է այն մտքով, որ գալու է մի օր, որ ստիպված է լինելու թողնել ամեն բան ու մտածել հոգու մասին։ Այնուամենայնիվ՝ այդպես էր, երբ մինչև քոլեջն ավարտելն ապրում էր մեզ հետ։ Հիշում եմ, թե ինչպես էր սրտնեղում, երբ ընկերներն անգլիական Աստվածաշնչի դասերի էին հրավիրում նրան․․․

Ավագ եղբայրը նույնպես անհանգտանում էր այդ մասին։ Վախենում էր, որ Կեյ Չանը Տոկիոյում ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ կդառնա, թեև քաղաքական կուսակցությունների առումով ամենևին էլ չէր անհանգստանում։ Նույնիսկ մի անգամ ասել էր․ «Եթե նման բան լինի, Կեյ Չանն ինքն իր ապագայի վրա խաչ կքաշի՝ հասարակական առումով»։ Իհարկե, եթե մտամուխ լինենք, թե՛ Կեյ Չանը, թե՛ նրա ավագ եղբայրը դժբախտ մարդիկ էին, որոնք միայն հոգու մասին մտքերից խուսափել գիտեին։ Չնայած նրանցից մեկն արդեն սպիտակ ծուխ էր դարձել՝ այդպես էլ ոչ մի անգամ լրջորեն հոգու մասին չմտածելով․․․

Իսկ «Անտառի հրաշքները», որոնց մասին ասում էր տատիկը, երբ հիշեց Իերիի այն ստեղծագործությունը, հենց այն նույն հեքիաթն է, որը տատիկի մայրը ժամանակին պատմել էր Կեյ Չանին։ Ավելի ճիշտ Կեյ Չանն ինքն էր ստիպել պատմել նրան՝ գրեթե ուժով։ Այն ժամանակ ամբողջությամբ գիտության մեջ էր և ամեն հնարավոր կերպով փորձում էր մեկնաբանել այդ առասպելը։ Խոսելով հանգել էր նրան, որ «Անտառի հրաշքները» հրթիռով Երկիր էին բերել կա՛մ ինչ-որ ուրիշ մոլորակից, կա՛մ ուրիշ տիեզերքից։ Իսկ մեր ամբողջ քաղաքակրթությունն իբրև թե հենց այդ առասպելից էր սկիզբ առել։ Իսկ ես՝ հասարակ հոգիս, պատկերացնում էի, թե ինչ-որ ուրիշ մոլորակի վրա հրթիռ էին կառուցել, անվանել էին «Անտառի հրաշքներ», բազմաթիվ երեխաներով էին լցրել այն և ուղարկել Երկիր մոլորակի վրա։ Հենց այդպես էի պատկերացնում, և ես էլ էի տխուր ու միայնակ զգում ինձ․․․

Անտառային ճանապարհ Ճապոնիայում
Անտառային ճանապարհ Ճապոնիայում

Իսկ եթե մտամուխ լինենք, ես և Իերին միանման ենք մտածում, այնպես չէ՞։ Եվ միակ մեղավորը հավանաբար Կեյ Չանն է։ Մինչև հիմա տխրում եմ, հենց որ մտածում եմ «Անտառի հրաշքներ» հրթիռի մասին, ըստ երևույթին, այն պատճառով, որ Կեյ Չանն ասում էր, իբր թե մենք բոլորս երեխաներ ենք՝ լքված աստղերի մեջ։ Փաստորեն, նա և Իերին նմանատիպ շատ բաներ են ասել։ Չգիտես ինչ դուրս տվեց, իսկ հետո վերցրեց և Օյու Սանի հետ Կալիֆոռնիա մեկնեց։ Ինչ-որ մեկի կարող է զարմանալի թվալ, բայց նա՝ մեր Կեյ Չանը, հենց այդպիսինն է։

Տատիկը և Իերին կանգնած էին՝ հենված քարե պատին, որը արմավենիների՝ վերին սանդղավանդի անտառաբաժանն առանձնացնում էր ճամփեզրից։ Մեզ տեսնելով՝ տատիկն առաջ եկավ, բարձրացրեց աջ ձեռքն ու սկսեց թափահարել ձեռնափայտը։ Ինձ թվաց, թե ուղղակի լուռ հիանում էին անտառով, լույսի և ստվերի խաղով արմավի կարմրանարնջագույն սաղարթի վրա։ Բայց հիմա հասկացա, որ այս ողջ ընթացքում տատիկը համբերատար և համառորեն ինչ-որ բանի մասին էր զրուցել Իերիի հետ։ Մենք ցատկոտելով սկսեցինք վազել նրանց մոտ, իսկ տատիկը, չսպասելով, որ հասնեինք նրանց, բղավեց․

-Ամբողջական անվանումն է «Փրկել ընկեցիկին»։ Իերին և նրա՝ բարեգործական համայնքից ընկերները ամեն երեքշաբթի մաքրություն են անում այգում։ Պատմեց ինձ, որ նրանցից մեկը մի անգամ երեխա էր գտել այգում և փրկել նրան։ Եվ այդ ժամանակ Իերին Սանն ինքն իրեն երդում էր տվել, որ եթե օրերից մի օր իր հերթապահության ժամանակ նույնպես երեխա գտներ, անպայման փրկելու էր նրան։ Ահա թե ինչի մասին էր մտածել երաժշտությունը գրելիս, և հենց դրա համար էլ տվել էր «Փրկել ընկեցիկին» անվանումը։

-Ահա՛ ինչ, Իե՛րի, – բացականչեցի ես։ – Այո՛-այո՛, հիշում եմ այդ միջադեպը՝ կապված այգու ընկեցիկի հետ։ Տարօրինակ է, որ միանգամից չհիշեցի, երբ լսեցի անվանումը․․․ բայց չէ՞ որ դա այնքա՜ն վաղուց էր։ Ահա՛ թե  ինչ, Իե՛րի։ Այդ դեպքում ճիշտ է, որ երաժշտությունն այդքան տխուր է։ Չէ՞ որ վերջիվերջո նա ընկեցիկ է, – ավելացրի ես՝ խորասուզվելով վրա հասած լուռ երջանկության ալիքի մեջ։

-Ահա թե ինչ, – կրկնեց հորաքույր Ֆուսյան։ Նա նույնպես ամեն բան հասկացավ, ինչպես որ ես, բայց իր հայեցողությամբ, և իր ձևով ամփոփեց այդ ամենը․ – Եթե, – ասաց նա, – մենք բոլորս երեխաներ  ենք՝ լքված Երկրագնդի վրա, ապա Իերին իր երաժշտության մեջ իսկապես ինչ-որ փառահեղ բան է արտահայտել։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի